«Ընտրություններից հետո ձևավորվել է նոր իրավիճակ, և այս պայմաններում առաջնայինը համայնքի բնականոն կառավարումն է». Արմինե Բալայան

Երեկ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ չեն պատրաստվում համայնքի ավագանիում հանդես գալ որպես երկու առանձին խմբակցություն, այլ գործելու են միասնական՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմում։
Ինչո՞վ է պայմանավորված ընտրություններից հետո իրավիճակի փոփոխությունը, և ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր անդամակցությունը վերականգնելու համար, այն դեպքում, երբ Լոռի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Արայիկ Ներսիսյանն էր։ Այս հարցերի շուրջ «Ամբիոն նյուզ»-ի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել Ստեփանավան համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արմինե Բալայանը։
«ՏԻՄ ընտրություններին «Գործարար» կուսակցության ցուցակով մասնակցելու համար, օրենքի պահանջով, դադարեցվել էր Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Գրիգորյանի անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Ինչպես Արմեն Գրիգորյանն արդեն հրապարակայնորեն նշել է, «Գործարար» կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ ունեցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության համաձայնությունը։
Ընտրություններից հետո ձևավորվել է նոր իրավիճակ, և այս պայմաններում առաջնայինը համայնքի բնականոն կառավարումն ու առաջիկա տարիների ծրագրերի շարունակականությունն է։
Հետևաբար, անդամակցության վերականգնումը պայմանավորված չէ որևէ կտրուկ շրջադարձով կամ ընտրություններից հետո դիրքորոշման փոփոխությամբ։ Անդամակցությունը սառեցված էր, և այժմ՝ ընտրական գործընթացի ավարտից հետո, համապատասխան դիմում է ներկայացվել այն վերականգնելու համար։
Ընդհանուր նպատակը Ստեփանավան խոշորացված համայնքի բնականոն, միասնական և արդյունավետ կառավարումն է»,- նշել է Արմինե Բալայանը։
