ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ․ ՄԱՐԴԸ, ՈՎ ՄԱՀԱՑԱՎ՝ «ՀԱՅ» ԲԱՌԸ ՇՈՒՐԹԵՐԻՆ

«Հայրս մեռավ՝ «հայ» բառը շուրթերին»,- հիշում է Նանսենի դուստրը՝ Լիվ Հեոեր-Նանսենը:

 

Աշխարհի խիղճը. Այսօր մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է

 

Նորվեգացի բևեռախույզ, օվկիանոսագետ, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիր, մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները:

 

Նանսենը ծնվել է 1861 թվի հոկտեմբերի 10-ին՝ Քրիստիանայում (Նորվեգիա, Օսլո)։ Նանսենի հասարակական գործունեության մեջ կարևոր տեղ է գրավել հայանպաստ աշխատանքը, ջանքերը հայ գաղթականների դրության բարելավման համար: Նա խստագույնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի և երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությունը: Նանսենը մեծապես օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագրեր», որը մասամբ թեթևացրել է նրանց դրությունը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձնելու համար, գլխավորել է հայրենադարձության հանձնաժողովը (1925–29 թթ.):

 

Նանսենի բազմաթիվ հոդվածներ, զեկուցագրեր, ելույթներ նվիրված են հայ ժողովրդի պատմությանն ու Հայաստանին: 1927 թ-ին նորվեգերեն հրատարակվել է նրա «Հայաստանում» ծավալուն գիրքը, որը թարգմանվել է անգլերեն ու ֆրանսերեն` «Հայաստանը և Մերձավոր Արևելքը», գերմաներեն` «Խաբված ժողովուրդ» վերնագրերով: Ընդ որում, գրքի վրա կարմիր տառերով գրված է. «Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դեմ»:

 

Մարդասիրական գործունեության համար 1922 թ-ին Նանսենին շնորհվել է Նոբելյան մրցանակ:

 

***

 

«Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ»,- հայ ժողովրդի մասին գրել է Նանսենը։

 

Նանսենը հույս էր ներշնչում անհապաղ օգնության կարիք ունեցող հազարավոր հայերի: Նա ներդրեց իր ողջ եռանդն ու ջանքերը հայ ժողովրդին օգնելու գործին` հասցնելով իրեն ֆիզիկական հյուծման: 1930 թվականին նա ունեցավ սրտի կաթված:

 

«Հայրս մեռավ՝ «հայ» բառը շուրթերին»,- հիշում է Նանսենի դուստրը՝ Լիվ Հեոեր-Նանսենը:

 

1930 թ. մայիսի 13. դադարում է բաբախել վերջին երկու տարիներին ցավերից տառապող մեծ մարդասերի սիրտը: Վերջապես խաղաղվում է նրա անհանգիստ հոգին: Համաձայն սեփական կտակի՝ նրա մարմինը դիակիզվում է: Դստեր պատմածով՝ այդ պահին չի ասվում ոչ մի խոսք, միայն նվագախումբը հնչեցնում է Շուբերտի «Մահը եւ աղջիկը»: Գիտնականի՝ մասունք դարձած մոխիրը թաղվում է Պուլհյոգդայի բարձրուղեշ ծառերից մեկի հովանու տակ…

Share This