ԱՄԲԻՈՆ ՆՅՈՒԶ․ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՄԱՐԴՈՒՆ ՕԳՆԵԼՆ Է
Այսօր ուզում ենք մի փոքր անդրադառնալ «Ամբիոն Նյուզ» լրատվական կայքին և նրա գլխավոր խմբագիր Հասմիկ Վիրաբյանին՝ մի մարդու, որի մասին խոսելիս դժվար է բառեր գտնել, որովհետև նրա տեսակի մարդիկ ավելի շատ զգացվում են, քան նկարագրվում։Ամբիոն Նյուզ»-ը ստեղծվել է մարդկանց օգնելու, նրանց խնդիրներին ձայն տալու, նրանց շահերը պաշտպանելու և հանրությանը ճշգրիտ, անաչառ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Մեր խմբագրության համար լրագրությունը պարզապես աշխատանք չէ։ Այն պատասխանատվություն է մարդու, ճշմարտության և հասարակության առաջ։
Մեր սիրելի խմբագիրը հաճախ է ասում.
«Երբեք ձեր գրիչը մի՛ օգտագործեք կյանքեր խորտակելու համար։ Աշխատեք ձեր գրիչով կյանքեր փրկել»։Այս խոսքերի մեջ ամբողջությամբ արտահայտված է նրա մարդկային ու մասնագիտական էությունը։ Հասմիկի համար յուրաքանչյուր հրապարակման հետևում մարդ կա՝ իր ցավով, իր հույսերով, իր ճակատագրով։ Եվ հենց այդ գիտակցությամբ է նա տարիներ շարունակ առաջնորդվել իր աշխատանքում։
Հասմիկի նման մարդկանց այս աշխարհում դժվար է գտնել։ Մաքուր, պարզ, անմիջական, ընկերասեր, վստահող, արագ հավատացող, բայց միաժամանակ՝ անսահման ուժեղ։ Նա այն մարդկանցից է, որոնք նույնիսկ ամենադժվար պահերին կարողանում են ժպտալ ու շրջապատին ասել՝ «Ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթելու ենք»։Երբեմն թվում է՝ սեփական հոգսերը մի կողմ դնելն ու ուրիշի ցավով ապրելը նրա համար ավելի բնական է, քան սեփական խնդիրների մասին մտածելը։ Նա կարող է ինքը դժվարությունների միջով անցնել, բայց միևնույն ժամանակ ուժ գտնել՝ մեկ ուրիշին հույս տալու, քաջալերելու և հավատ ներշնչելու համար։
Մենք բոլորս նրանից սովորելու շատ բան ունենք՝ մարդ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքը հեշտ չէ, չկորցնել հավատը, չդադարել ժպտալ և երբեք չմոռանալ, թե ինչու ենք ընտրել այս ճանապարհը։
Այսօր, երբ շատերը մոռանում են խոսքի պատասխանատվության, մարդկային արժանապատվության և ճշմարտության արժեքը, Հասմիկը շարունակում է հավատալ, որ գրիչը կարող է ոչ միայն բացահայտել անարդարությունը, այլև օգնել մարդուն վերագտնել իր հույսը։Հասմի՛կ, գուցե դու միշտ չես նկատում, թե որքան բան ես տալիս քեզ շրջապատող մարդկանց։ Բայց մենք տեսնում ենք։ Մենք սովորում ենք քեզնից, ուժ ենք առնում քո հավատից և հիանում այն համառությամբ, որով շարունակում ես առաջ գնալ։
«Ամբիոն Նյուզ»-ը պարզապես լրատվական կայք չէ։ Այն գաղափար է, առաքելություն և հավատ, որ մարդու կողքին կանգնելը երբեք զուր չէ։
Եվ քանի դեռ մենք ունենք ճշմարտությանը ծառայող գրիչ, մարդուն պաշտպանելու կամք ու դժվարությունների առաջ չնահանջելու ուժ, մենք շարունակելու ենք մեր ճանապարհը։
Մենք հավատում ենք քեզ, մեր սիրելի՛ խմբագիր։ Եվ այո՛, մենք հաղթելու ենք այս կյանքը՝ առանց կորցնելու մեր մարդկայնությունը։ Իզաբելլա Պապյան
