Ուժեղ բանակի հիմքում մարդու արժանապատվության և հոգեկան առողջության պաշտպանությունն է. Մեհրաբյան

Ուժեղ բանակի հիմքում մարդու արժանապատվության և հոգեկան առողջության պաշտպանությունն է. Մեհրաբյան

«Ամբիոն նյուզ»-ի հարցերին պատասխանում է ՀԳԹ դոցենտ Մարիամ Մեհրաբյանը

– Տիկին Մեհրաբյան, այս տարի ՀՀ զինված ուժերում պաշտոնական տվյալներով արձանագրվել է մահվան 11 դեպք, որոնցից 6-ը եղել են ինքնասպանության, և ինքնասպանության հասցնելու դեպքեր։ Ըստ Ձեզ ` ո՞րն է այն կարմիր գիծը, որը հատելիս, անձը կարող է ստիպել մեկ ուրիշին ինքնասպան լինել։ Ինչպե՞ս  կանխենք բուլլինգը, սարսափելի հետևանքներից խուսափելու համար։

– ՀՀ բանակում ինքնասպանության, բռնության և բուլլինգի դեպքերը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին անձանց խնդիր, այլև որպես հոգեբանական միջավայրի և համակարգային գործոնների համադրության հետևանք։
Զինվորական ծառայությունն ինքնին կարող է առաջացնել բարձր սթրես՝ ընտանիքից հեռու լինելը, խիստ կարգապահությունը, անորոշությունը, քնի պակասը, սոցիալական մեկուսացումը և պատասխանատվության մեծ զգացումը։ Երբ դրանց գումարվում են նվաստացումը, վախի մթնոլորտը, բուլլինգը կամ օգնություն խնդրելու դժվարությունը, մարդու հոգեբանական դիմադրողականությունը կարող է զգալիորեն նվազել։

Կարևոր է հասկանալ, որ ինքնասպանության վարքագիծը սովորաբար մեկ պատճառ չունի։ Իմ համոզմամբ՝ բանակում ինքնասպանությունների, բռնության և բուլլինգի կանխարգելումը պետք է սկսել ոչ թե ողբերգությունից հետո, այլ շատ ավելի վաղ։
Դրա համար անհրաժեշտ է ձևավորել հոգեբանական անվտանգ միջավայր, որտեղ զինծառայողը կարող է ազատորեն խոսել իր խնդիրների, վախերի կամ ճնշումների մասին՝ առանց ամաչելու կամ պատժվելու մտավախության։ Կարևոր է նաև ունենալ անկախ և հասանելի հոգեբանական աջակցության համակարգ, պարբերաբար գնահատել զինծառայողների հոգեբանական վիճակը և արագ արձագանքել բուլլինգի, նվաստացման, սպառնալիքի կամ մեկուսացման յուրաքանչյուր դեպքի։

Պետք է փոխել նաև «դիմանալը ուժ է» մոտեցումը։ Օգնություն խնդրելը թուլություն չէ։ Ժամանակին օգնություն ստանալը կարող է կանխել անդառնալի հետևանքները։

Ուժեղ և առողջ բանակի հիմքում ոչ միայն կարգապահությունն ու պատրաստվածությունն են, այլև մարդու արժանապատվության, անվտանգության և հոգեկան առողջության պաշտպանությունը։

– Իսկ արդյո՞ք նախարարի մակարդակով զորամասեր այցելությունները կարող են իրականում կանխարգելիչ նշանակություն ունենալ և նպաստել նման ողբերգական դեպքերից խուսափելուն։ Եվ այս համատեքստում ի՞նչ դեր կարող էին ունենալ գնդերեցները՝ զինվորների հոգեբանական վիճակի, նրանց խնդիրների բացահայտման և հնարավոր վտանգավոր իրավիճակների կանխարգելման հարցում։

– Այո՛, նախարարի մակարդակով զորամասերի այցելությունները կարող են ունենալ կանխարգելիչ նշանակություն։ Դրանց իրական արժեքը այն է, որ նախարարն ու բարձրաստիճան պաշտոնյաները տեղում կարող են անմիջականորեն ծանոթանալ զինծառայողների առօրյային, լսել նրանց խնդիրները, գնահատել հրամանատարական մթնոլորտը և տեսնել այն խնդիրները, որոնք երբեմն կարող են չերևալ պաշտոնական զեկույցներում։

Այս համատեքստում կարևոր դեր կարող էին ունենալ նաև գնդերեցները։ Նրանք զինվորների հետ շփվում են ավելի անմիջական միջավայրում և, ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում, կարող են նկատել հոգեբանական լարվածության, մեկուսացման, կոնֆլիկտների կամ այլ խնդիրների նշաններ։ Գնդերեցը կարող է լինել զինծառայողի վստահելի զրուցակից, օգնել նրան բարձրաձայնել իր խնդիրները և անհրաժեշտության դեպքում դրանք փոխանցել համապատասխան մասնագետներին կամ հրամանատարությանը։ Բայց այստեղ կարևոր սահման կա․ գնդերեցը չի կարող փոխարինել ռազմական հոգեբանին կամ բժշկին։ Նրա դերակատարումն առավել արդյունավետ կլինի, եթե նա գործի հոգեբանական և բժշկական ծառայությունների հետ համակարգված՝ պահպանելով զինծառայողի վստահությունն ու անձնական տվյալների գաղտնիությունը։

Այսինքն՝ կանխարգելման արդյունավետ համակարգը պետք է կառուցված լինի ոչ թե մեկ պաշտոնյայի կամ մեկ ծառայության, այլ մի քանի օղակների համագործակցության վրա՝ հրամանատարություն, ռազմական հոգեբաններ, բժշկական ծառայություն, գնդերեցներ և զինվորների նկատմամբ իրական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմիններ։ Այդ դեպքում զորամաս այցելությունը կարող է ոչ միայն վերահսկողական, այլև վաղ նախազգուշացման գործիք դառնալ։

Անաստասիյա Հարությունյան

Share This