Առավոտյան ժամերը՝ սրտի համար ամենազգայուն պահը․ ի՞նչ է կատարվում օրգանիզմում

Ի՞նչ է կատարվում սրտի հետ առավոտյան արթնանալիս
Առավոտյան արթնանալը պարզապես քնի ավարտը չէ, այլ սրտի համար իսկական «մեկնարկ»:
Այդ պահին օրգանիզմում ակտիվանում է սիմպաթիկ նյարդային համակարգը:
Արյան մեջ բարձրանում են սթրեսի հորմոնները (ադրենալին, կորտիզոլ), սիրտն սկսում է ավելի արագ բաբախել, իսկ անոթները սեղմվում են:
Սա բերում է ճնշման բնականոն բարձրացման, որը բժշկության մեջ կոչվում է «առավոտյան ճնշման թռիչք»:Առողջ մարդու համար սա նորմալ է: Սակայն սրտաբանների միջազգային ուղեցույցները (ESC/AHA) փաստում են, որ սրտամկանի ինֆարկտների և կաթվածների (ինսուլտների) մեծ մասը գրանցվում է հենց առավոտյան ժամերին (6:00-ից 10:00-ն):
Եթե ունեք հիպերտոնիա կամ անոթների խնդիրներ, այս հորմոնալ «փոթորիկը» կարող է վտանգավոր ձգան դառնալ:
☕ Իսկ ի՞նչ կապ ունեն սուրճը, ծխախոտը և դեղերի ժամը Սրտի առողջության համար երբեմն կարևոր է ոչ միայն ինչ ենք անում, այլ նաև՝ երբ ենք դա անում.
🚬Առավոտյան սուրճն ու ծխախոտը.
Արթնանալուց անմիջապես հետո, երբ անոթներն արդեն սեղմված են, դրանք կրկնապատկում են սրտի ծանրաբեռնվածությունը:
🕺🏻Կտրուկ շարժումները.
Անկողնուց կտրուկ վեր կենալը կամ անմիջապես ծանր ֆիզիկական գործ սկսելը սրտի իշեմիայի ռիսկ են ստեղծում:
💊Դեղերի ճիշտ ժամը.
Ըստ վերջին խոշոր հետազոտությունների՝ հիպերտոնիկ դեղերի ընդունման ժամը պետք է ընտրվի անհատական:
Եթե 24-ժամյա մոնիտորինգով (ԱԴՇՄ) տեսնում ենք, որ պացիենտի ճնշումը գիշերը չի իջնում, դեղերի մի մասը տեղափոխում ենք երեկոյան ժամերի, որպեսզի պաշտպանենք սիրտը հենց առավոտյան թռիչքից:
Բժշկի խորհուրդը. Եթե արթնանալիս պարբերաբար նկատում եք սրտխփոց, կրծքավանդակի ճնշող ցավ, օդի պակաս կամ գլխապտույտ, մի՛ հետաձգեք այցը սրտաբանին: Ճիշտ ժամին ընդունված մեկ հաբը կարող է կանխել մեծ աղետը:
Եղե՛ք առողջ:
