ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողներն ամենօրյա հետևողական աշխատանքով ոչ միայն իրականացնում են հասարակական կարգի պահպանություն, ապահովում հանրության անվտանգությունն, այլև մշտապես քաղաքացու կողքին են՝ պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված երկու դեպքերը այս մոտեցման հերթական վկայությունն են։
Ոստիկանության գվարդիայի ծառայողը առևտրի կենտրոններից մեկում գտել էր 3600 դոլար։ Ոստիկանն անմիջապես ձեռնարկել էր անհրաժեշտ ստուգողական միջոցառումներ, պարզել գումարի տիրոջ ինքնությունը և հանձնել նրան։
Ոստիկանության գվարդիայի մեկ այլ ծառայող մայրաքաղաքի պուրակներից մեկում գտել էր դրամապանակ, որի մեջ կային 127 հազար դրամ և բանկային քարտեր։ Գվարդիայի ծառայողը պարզել էր դրամապանակի տիրոջ ինքնությունը և այն հանձել նրան։
Նշված դեպքերով քաղաքացիները զանգահարել են ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և շնորհակալություն հայտնել։
Ոստիկանության գվարդիայի ծառայողները նույն պատասխանատվությամբ շարունակելու են հասարակական կարգի պահպանման, հանրային անվտանգության ապահովման ու քաղաքացու կողքին լինելու հանձնառությունը։
