Շիրակում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման մի շարք մտահոգիչ պրակտիկաներ․ Հանրային պաշտպանի ինստիտուտը հայտարարում է հասցեական պայքարի մասին

Աշխատանքային այց Շիրակի մարզ․ Հանրային պաշտպանի ինստիտուտի հեղինակությունն ու քաղաքացիների իրավունքները սակարկման ենթակա չեն

 

Այսօր հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանի հետ աշխատանքային այցով գտնվում էինք Հանրային պաշտպանի գրասենյակի Գյումրու նստավայրում։ Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՀ փաստաբանների պալատի Շիրակի մարզի համակարգող Արտուշ Հակոբյանը։

Տեղի հանրային պաշտպանների հետ մասնագիտական քննարկման առանցքում մարզում քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից ձևավորված մի շարք խիստ մտահոգիչ և արատավոր պրակտիկաներն էին, որոնց դեմ մեր պայքարը լինելու է հասցեական և անզիջում․

🔹 Հանրային պաշտպանի ինստիտուտի նկատմամբ անվստահության սերմանում և ընտրված պաշտպանի միջոցով հանդես գալու իրավունքի ոտնահարում. Արձանագրվել են խիստ դատապարտելի դեպքեր, երբ քննչական մարմինները մոլորեցնում են մեղադրյալներին՝ հանրային պաշտպանին (մինչև վերջինիս այցելությունը) ներկայացնելով որպես իրենց «կից մարմին»՝ զուտ վարույթի ընթացակարգը ձևականորեն պահպանելու համար։ Ավելին, երբեմն անտեսվում է անձի՝ իր նախընտրած (պայմանագրային) պաշտպանն ունենալու իրավունքը, և արհեստականորեն պահանջվում է հանրային պաշտպանի ներգրավում։ Սա ոչ միայն հարվածում է պաշտպան-շահառու վստահությանը, այլև ձևախեղում է անձի պաշտպանության իրավունքը, ինչպես նաև լրացուցիչ ծանրաբեռում Հանրային պաշտպանի գրասենյակը։

🔹 Ապօրինի ձերբակալություններ. Քննարկել ենք առանց իրական անհրաժեշտության անձանց ձերբակալելու, ապա ազատ արձակելուց հետո կրկին ձերբակալելու խնդրահարույց մարտավարությունը։

Ռազմավարական դատավարություններ. Մենք նաև նախանշում ենք ռազմավարական դատավարություններ նախաձեռնելու անհրաժեշտությունը՝ անձից հարկադրաբար փորձանմուշներ վերցնելու դեմ, քանի որ, համաձայն ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, դա ուղղակիորեն խախտում է անձի՝ իր դեմ ցուցմունք չտալու հիմնարար սկզբունքը։

Անչափահասների իրավունքների անտեսում. Մարզային քրեական վարույթն իրականացնող մարմինները հաճախ չեն կիրառում օրենսդրական այն նորարարությունները, որոնք ուղղված են անչափահասի նկատմամբ քրեական վարույթը կարճելուն և դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելուն:

Ապօրինի առգրավումներ. Ինչպես այլ մարզերում, Շիրակում ևս երբեմն իրականացվում է ՀՀ քր. օր. 344-րդ հոդվածով նախատեսված արարքների շրջանակներում տրանսպորտային միջոցները որպես իրեղեն ապացույց առգրավելու անընդունելի պրակտիկան։

Հանրային պաշտպաններին տրվել են հստակ հանձնարարականներ՝ ակտիվորեն բողոքարկելու վարույթն իրականացնող մարմինների այսօրինակ որոշումներն ու գործողությունները։

Շարունակում ենք մեր աշխատանքը՝ հանուն արդարության և մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության։

ՀՀ քննչական կոմիտեՀՀ գլխավոր դատախազությունԴատական իշխանությունՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia

Share This