Չի կարելի մարդկանց մասնավոր խոսակցությունները գաղտնալսել, ապա սարքել հանրային զրույցի թեմա. փաստաբան
Վերջերս նկատում եմ մի բան, որն արդեն պարզապես մտահոգիչ չէ, այլ՝ կոպտագույն խախտում է։ Գաղտնալսման գաղտնիությունը հենց գաղտնի պահելու մեջ է։ Չի կարելի մարդկանց մասնավոր խոսակցությունները գաղտնալսել, ապա սարքել հանրային զրույցի թեմա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աննա Ծառուկյանը։
«Այն, որ պետությունը տեխնիկապես ստացել է այդ խոսակցությունը, դեռ չի նշանակում, որ այն դարձել է հանրության սեփականությունը։ Անձնական հաղորդակցության գաղտնիության խախտումը չի դադարում խախտում լինելուց միայն այն պատճառով, որ խոսակցությունը հրապարակվել է կամ շրջանառվել է հանրային դաշտում։
Այս հարցով ՄԻԵԴ-ի մի քանի շատ ուժեղ նախադեպ կա.
Klass and Others v. Germany (1978) — գաղտնի հսկողության համակարգերը պետք է ունենան խիստ իրավական երաշխիքներ, որպեսզի չդառնան իշխանության կամայականության միջոց։
Malone v. the United Kingdom (1984) — հեռախոսային հաղորդակցության գաղտնիությունը մտնում է ՄԻԵԿ 8-րդ հոդվածի պաշտպանության ներքո, և միջամտությունը պետք է հիմնված լինի հստակ ու կանխատեսելի օրենքի վրա։
Kopp v. Switzerland (1998) — գաղտնալսման նկատմամբ բավարար իրավական վերահսկողության և երաշխիքների բացակայությունը հանգեցրել է 8-րդ հոդվածի խախտման։
Dragojević v. Croatia (2015) — գաղտնի հսկողության կիրառումը պետք է հիմնավորված լինի և ենթակա լինի իրական դատական վերահսկողության։
Benedik v. Slovenia (2018) — հաղորդակցության և դրա հետ կապված տվյալների գաղտնիությունը նույնպես կարող է ընդգրկվել 8-րդ հոդվածի պաշտպանության շրջանակում։
Իսկ եթե հարցը հենց գաղտնալսված խոսակցությունը հանրայնացնելու հրապարակելու մասին է, շատ կարևոր է նաև P.G. and J.H. v. the United Kingdom (2001) գործը․ ՄԻԵԴ-ը հաստատել է, որ անձի խոսակցությունների գաղտնի հավաքագրումն ու օգտագործումը կարող է առաջացնել 8-րդ հոդվածի խնդիր։
Օպերատիվ ծառայությունների համար սա նաև հակաարդյունավետ պրակտիկա է, երբ գաղտնի միջոցներով ստացված մարդկանց խոսակցությունները հետագայում հայտնվում են հանրային դաշտում, մարդիկ բնականաբար դառնում են զգուշավոր։ Արդյունքում խաթարվում է գաղտնի հաղորդակցության վստահությունը, և օպերատիվ միջոցի արդյունավետությունն ինքնին նվազում է։ Գաղտնի միջոցի իմաստը հենց դրա գաղտնիությունն է, եթե անձը գիտի, որ իր խոսակցությունը կարող է վաղը հրապարակվել, նա այլևս չի խոսում նույն կերպ»,- գրել է Աննա Ծառուկյանը։
