«Ես այն «դոդ» քույրն եմ, որ երբեք չդադարեց հավատալ»
Նրանք, ովքեր կարծում են, թե ամեն ինչ կորած է, իրականում իրենք են կորցրել հավատը։ Քանի դեռ մարդը հույս ունի, ոչինչ վերջացած չէ։
Հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ որտե՞ղ սխալվեցի։ Անընդհատ վերապրում եմ անցյալը, վերլուծում ամեն քայլս, բայց չեմ գտնում այն ճակատագրական սխալը, որի համար պիտի մեղադրեմ ինձ։ Եթե եղել է սխալ, ապա միայն մեկն է՝ չափազանց միամիտ ու չափազանց բարի լինելը։ Երբ այդ երկուսը միավորվում են, աշխարհը հաճախ դա անվանում է «դոդություն»։
Իմ 23-ամյակն էինք նշում գյուղում։ Նստած էինք մեր պապի պապի կառուցած քարե սեղանի շուրջ՝ հին ընկուզենու հովանու տակ։ Հայրս նայեց ծառին ու ասաց. «Հասկացա՝ ինչու են երեխեքս էսքան դոդ մեծացել. շատ են էս պոպոքի ծառի տակ եղել»։
Ես ժպտալով հարցրի. — Պա՛պ, ծնունդս ե՞ս շնորհավորում։
Նա շփոթվեց ու պատասխանեց. — Չէ՛… Դավոյի հետ եմ խոսում։
Դավոն այնտեղ չէր։ Գուցե լավ էր, որ չէր լսում։
Մեզ մեծացրել էին բարությամբ, մարդասիրությամբ, կարեկցանքով։ Սովորեցրել էին սիրել մարդկանց, կենդանիներին, կյանքը։ Ծնողներս հենց իրենք էին այդ արժեքների մարմնավորումը՝ նույնիսկ դժվար ու համեստ պայմաններում։
Երբեմն մտածում եմ՝ երանի կյանքը չշրջվեր, և մեր ընտանիքն այդպես էլ մնար՝ առանց այդ ծանր փոթորիկների։ Բայց կյանքը երբեք ոչ մեկից թույլտվություն չի հարցնում։ Այն կարող է փոխվել մեկ ակնթարթում։ Փոխվեց նաև իմը։ Այսօր արդեն հաշմանդամություն ունեմ, բայց չեմ կորցրել ամենակարևորը՝ հույսը։
…
Երբ ծնողներս բաժանվեցին, Դավիթը մնաց հորս հետ։ Հայրս նորից ամուսնացավ։ Նոր ընտանիք, նոր միջավայր, խորթ մայր, հետո նոր եղբայր… Իսկ արդեն հոգեբանորեն խոցված երեխայի համար այդ ամենը դարձավ նոր փորձություն։
Դավիթը երազանք ուներ՝ իր արվեստանոցը։ Այն պիտի լիներ հորս տանը։ Այդ երազանքը կիսատ մնաց։ Չգիտեմ՝ ինչու։ Բայց երբեմն մտածում եմ՝ գուցե հենց այդ արվեստանոցը փոխեր նրա ճակատագիրը…
Հետո հայրս գնաց… և ամեն ինչ մնաց անավարտ։ Ոչ միայն արվեստանոցը, այլև մեր կյանքը։ Մենք սպասեցինք, որ մի օր կգա, կխոսենք, կբողոքենք, կուրախանանք, միասին կլռենք… Բայց այդ օրը երբեք չեկավ։
Դավիթը մնաց մենակ՝ իր ցավերի, տրավմաների և անպաշտպանության հետ։ Այդ մենակությունն էլ դարձավ նրա դեմ ամենամեծ զենքը։ Մարդիկ սկսեցին նրան վիրավորել, նվաստացնել, նույնիսկ ծեծի ենթարկել։ Ամենահեշտ թիրախը միշտ նա էր, որովհետև չէր կարողանում պաշտպանվել։
Մի օր նրան գտա երկու օր անհետանալուց հետո՝ գլխի կոտրվածքով, արյունազեղումով, ամբողջովին հողի մեջ թաթախված, արյունոտ ձեռքերով, պատառոտված հագուստով։ Նա հազիվ էր կանգնած։ Այդ տեսարանը մինչև այսօր աչքերիս առաջ է։
Ամենից շատ զարմացնում է մարդկանց անտարբերությունը։ Ինչո՞ւ են կարծում, որ արժանապատիվ կյանքն ընտրովի իրավունք է։ Ինչո՞ւ Դավիթը պիտի ապրի առանց մահճակալի, երբ իր հոր տանը կան չորս ննջասենյակ, և դրանցից մեկը հենց իրենն է՝ կահավորված, բայց անհասանելի։
Ո՞վ է որոշել, որ նա արժանի չէ իր սեփական տան մի անկյունին։ Վստահ եմ՝ ոչ հայրս։
Այդ անարդարությունը ծնվել է մարդկային անտարբերությունից, շահից ու դաժանությունից։ Եվ այդ ամենի մեջ իր դերն ունի նաև տիկին Ռուզանը, որը, օգտվելով Դավիթի անպաշտպան վիճակից, զրկել է նրան իր իրավունքներից։
Բայց ես դեռ սպասում եմ հրաշքի։ Աստված Դավիթին երկրորդ կյանք տվեց։ Հավատում եմ, որ մի օր նրա արդարությունը կվերականգնվի, նրա տունը, նրա իրավունքը, նրա արժանապատվությունը կվերադառնան իրեն։
Ես չեմ պայքարում ունեցվածքի համար։ Ես պայքարում եմ, որպեսզի մարդը կարողանա ապրել մարդուն վայել կյանքով։
Եվ եթե այսօր դեռ կանգուն եմ, ապա միայն այն պատճառով, որ դեռ հավատում եմ՝ բարությունը պարտվելու իրավունք չունի։
Այո՛, ես այն «դոդ» քույրն եմ, որ մեծացել է պոպոքի ծառի տակ։ Բայց եթե «դոդ» լինել նշանակում է չդադարել սիրել, ներել ու պայքարել հարազատիդ համար, ապա ես այդ անունը հպարտությամբ եմ կրում։
