Ս. վկաներ Անտոնինոսի, Թեոփիլոսի, Անիքտոսի և Փոտինոսի հիշատակության օրն է այսօր
Ս. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում։ Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա այրվել է կրակի վրա։
Նիկոմիդացի ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցման պահին, աներկյուղ դուրս են եկել ամբոխից ու կայսերի առաջ բարձրաձայն խոստովանել իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը։
Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո նրանք, հավատին հավատարիմ, ողջակիզվել են այլ նահատակների հետ։ Լիբիացի Թեոփիլոս սարկավագը ևս նահատակվել է՝ կռապաշտ Մաքսիմինոսի օրոք։ Նրանց հիշատակը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հոգեգալստի չորրորդ շաբաթվա հաջորդ երկուշաբթի օրը։
