Սիմոնյանն ու Գաֆարովան ընդգծել են կառուցողական երկխոսության շարունակման կարևորությունը

Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ապրիլի 17-ին Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:
Ընդգծվել է Միջխորհրդարանական միության դերը՝ որպես միջխորհրդարանական համագործակցության կարեւոր հարթակ: Այս համատեքստում կողմերը բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջեւ երկխոսության ձեւավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար:
Խորհրդարանների նախագահները դրական են գնահատել միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնեւում կայացած նրանց հանդիպումից հետո, եւ պայմանավորվել են շարունակել այդ շփումները:
Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարեւորությունը՝ երկու հասարակությունների միջեւ վստահության հետագա ամրապնդման համար:

Share This