ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության չեն հասել Պակիստանում կայացած բանակցություններից հետո․ մանրամասներ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իսլամաբադում կայացած բանակցություններից հետո համաձայնության հասնելը ձախողվել է երկու կամ երեք հարցերի շուրջ հիմնարար տարաձայնությունների պատճառով։
«Մենք մի շարք հարցերի շուրջ համաձայնության եկանք, սակայն երկու կամ երեք կարևոր հարցերի շուրջ մեր տեսակետները տարբերվեցին, և, ի վերջո, բանակցությունները չհանգեցրին համաձայնության», – նրա խոսքերն է մեջբերել «Մեհր» լրատվական գործակալությունը։
Դիվանագետի խոսքով, զրույցն ընթացել է անվստահության մթնոլորտում, և այս անգամ ոչ ոք համաձայնության չէր սպասում։ Չնայած դրան, Բաղային վստահություն է հայտնել, որ Պակիստանի և տարածաշրջանի մյուս բարեկամ երկրների հետ շփումները կշարունակվեն։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պատվիրակության կազմում էին փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և Սպիտակ տան փեսան՝ Ջարեդ Քուշները։ Իսլամական Հանրապետությունը, ի թիվս այլոց, ներկայացրել են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ռոյթերսի տվյալներով՝ կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցը, միջուկային հարցերը, փոխհատուցումները, պատժամիջոցները և հակամարտության դադարեցումը։
