Մարտին Հայաստան է այցելել ավելի քան 150.000 զբոսաշրջիկ

Այս տարվա մարտին ավելի քան 22 հազարով ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:

«2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։ 2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»,- նշում են կոմիտեից:

2026 թ․ մարտին ՀՀ սահմանային անցման կետերով անցածքաղաքացիների շուրջ 60 տոկոսը տղամարդ է եղել, իսկ մնաացածը՝ կին: Ամենաշատն այցելել են 35-44 տարեկան անձինք՝ 31 տոկոսը, հետո 25-34 տարեկանները՝ 21 տոկոս, իսկ եռյակը եզրափակում են 45-54 տարեկանները՝ 17 տոկոս:

Ըստ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի` «Զվարթնոց» օդանավակայանով եկել է զբոսաշրջիկների 63 տոկոսը (2025 թ-ին՝ 64 տոկոս), «Բագրատաշեն» ցամաքային անցակետով այցելել է 17 տոկոսը (նույնը եղել է նաև նախորդ տարի), «Բավրայով»՝ 11 տոկոսը (2025-ին՝ 12 տոկոս): «Մեղրի», «Գոգավան» և «Այրում» անցակետերով եկածների թիվը կազմել է 1-6 տոկոս:
«Գյումրի» օդանավակայանով ՀՀ ժամանել է զբոսաշրջիկների 2 տոկոսը միայն (նույնը եղել է նաև նախորդ տարի):
Share This