Օրվա քո պատգամը. Ծաղկազարդ
«Դիմավորե՛նք Քրիստոսին՝ իբրև Երկնային Թագավորի, ոչ թե երկրային։ Մենք պետք է հավատքի մեջ ամուր լինենք և ընդառաջ գնանք, դիմավորենք Նրան ուրախությամբ, ցնծությամբ՝ «Օվսաննա՜» բացականչելով։ Երբևիցե չպետք է վախենալ՝ հետևելու Տիրոջը, որքան էլ ծանր լինի ճանապարհը, հիշենք Հոբի օրինակը, հիշենք առաքյալներին, որոնց մեծ մասը սկզբում փախավ, բայց Տիրոջ Հրաշափառ Հարությունից հետո ամրապնդվեց հավատի մեջ։ Անձը, որը կնվիրվի Աստծուն, Նրա հետ կշարունակի իր ճանապարհը, կարժանանա փրկության: Մտածենք՝ ի՞նչ տվեցին մեզ այս քառասուն օրերը, ի՞նչ ենք փոխել մեր կյանքում, ո՞ւմ ենք օգնել, ո՞ւմ հետ ենք հաշտվել, ո՞ւմ ենք ներել». Տեր Ղուկաս քահանա Բալայան
Գիտեի՞ր որ…
Ծաղկազարդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ, երբ Տերը մտնում էր Երուսաղեմի տաճար, մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Ծաղկազարդին՝ Պատարագի սրբազան արարողությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
Քրիստոսի մուտքը Երուսաղեմ նկարագրվում է 4 ավետարանիչների կողմից: Հիսուս քաղաք մտավ Իր աշակերտների ուղեկցությամբ, ավանակին նստած: Քաղաքի բնակիչները դիմավորեցին Նրան, ինչպես վայել է Արքային ու Փրկչին, քանի որ ձգտում էին տեսնել առաջնորդին, որը կազատագրեր նրանց հռոմեացիների գերիշխանությունից: Քրիստոս, սակայն, մտավ Երուսաղեմ ոչ թե նվաճելու, այլ աշխարհին հոգևոր փրկություն բերելու:
Առավել մանրամասն՝ այստեղ:
Qahana.am
