105 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1921 թ. մարտի 15-ին, երեքշաբթի առավոտյան ժամը 10:45-ի մոտակայքում Թալեաթը դուրս եկավ իր բնակարանից՝ Հարդենբերգշտրասսե 4 հասցեից, ձեռնոցներ գնելու նպատակով: Դրսում մարտյան սառնաշունչ անձրև էր տեղում: Սողոմոն Թեհլիրյանը՝ հանդիպեց Թալեաթին դեմ առ դեմ Բեռլինի Հարդենբերգշտրասե և Ֆազանենշտրասսե փողոցների խաչմերուկում, ճանաչեց, ապա առաջ շարժվելով շրջվեց և բավական մոտ տարածությունից կրակեց 9 մմ տրամաչափով «Պարաբելում» տեսակի ատրճանակից մեկ անգամ․ գնդակը դիպավ ծոծրակին` տեղում սպանելով քառանսունվեցամյա Թուրքիայի նախկին Մեծ վեզիրին: Թալեաթը անմիջապես ընկավ և տեղում մահացավ Հարդենբերգշտրասսե 17 հասցեի դիմաց։ Այդ պահին անցորդներից մեկը ճչաց. «Մարդ սպանեց», մեկ ուրիշը՝ «բռնեցե՛ք նրան»: Անցնելով Թալեաթի դիակի կողքով՝ Թեհլիրյանը առանց նախապես մշակված ծրագրի՝ իրեն հետապնդող ամբոխից փախավ դեպի հարևան փողոցը: Մսավաճառ 40- ամյա Ն. Եսսենը Թաելաթից 20 մետր հեռավորության վրա էր գտնվում սպանության պահին: Նա հետապնդում է փախուստի դիմած Թեհլիրյանին և բռնում է նրան Ֆազանենշտրասսե փողոցում:

Դեպքի մասին Թեհլիրյանի մանրամասնում է. «Անմիջապէս ամբոխը ինձ շրջապատեց: Չէի հասկանում, թէ ինչ են ուզում ինձնից. գոռում են, բռունցքները ճօճելով յարձակում, այնինչ ես ոչ ոքի հետ գործ չունեմ: Մէկը ինձ քաշքշեց, ուրիշներ սկսան անխնայ հարուածել. մի զինուած բռունցք իջաւ գլխուս, աչքերս մթնեցին. վար ընկնելուց խուսափելով՝ չոքեցի. արիւնը ակօսում էր դէմքս, բազմաթիւ ձեռք ու ոտք էին իջնում վրաս. անզօր կատաղութեամբ պօռացի.

-Ի՞նչ էք ուզում, ես՝ հայ, նա՝ թուրք, ձեզ ինչ»…

Քիչ անց դեպքի վայր ժամանած ոստիկանները կալանավորեցին մարմնական վնասվածքներ ստացած Թեհլիրյանին: Նա տեղափոխվեց ոստիկանական բաժանմունք: Սպանության առիթով հարուցվում է քրեական գործ…

 

Share This