Հարատև թող լինի մեր աղոթքը. Դատավորի կիրակի
Qahana.am-ը գրում է.
Ի՞նչ խորհուրդ ունի Դատավորի կիրակին. մեկնաբանում է Սուրբ Երրորդություն եկեղեցու խորհրդակատար Տեր Զաքարիա քահանա Անանյանը:
Օրվա պատգամն է…
«Օրվա պատգամն է՝ հարատևե՛լ աղոթքի մեջ, չդադարե՛լ աշխատել, չձանձրանա՛լ մեր առաքելության մեջ: Աստվածաշնչյան առակում այրի կինը չդադարեց իր դատը պահանջելուց, համառորեն պայքարեց: Եթե այս կնոջ համառությունը կարողանանք դրսևորել մեր և Աստծո հետ հարաբերություններում, պատկերացրեք, թե որքան մեծ հոգևոր նվաճումներ կունենանք: Անգամ անիրավ դատավորը, ի վերջո, տեղի տվեց այրի կնոջ խնդրանքներին: Նշանակում է՝ մեր Երկնավոր Հայրը, որ անսահման բարի է, կլսի մեր խնդրանքները: Պիտի աղոթենք անտրտունջ»:
Մեր աղոթքը պիտի լինի…
«Մենք չպետք է մեզ պահենք երես առած երեխայի նման և Աստծուն շարունակ ներկայացնենք մեր պահանջները, և երբ չստանանք մեր ցանկացածը, սկսենք կամակորություն անել: Մեր աղոթքը պիտի լինի երկխոսություն Տիրոջ հետ: Աղոթքը պիտի լինի ոչ թե անհրաժեշտությունից դրդված, այլ մեր շնչել ու արտաշնչելու նման: Ծուլությունը մեղք է: Եթե մենք սպասում ենք, որ պիտի նստենք, սպասենք, և Աստված տա այն, ինչ մեզ պետք է, սխալվում ենք։ Հայրը սպասում է մեզ, ինչպես «Անառակ որդու առակ»-ում: Ի՞նչ արեց որդին, նա քայլեց դեպի հայրը. մենք էլ պիտի քայլ անենք, որպեսզի Աստված ընդառաջ գա մեզ»:
Երբ համառում ենք…
«Մենք՝ Աստծո զավակներս, կարող ենք մեր Հորը դիմել մեր տարբեր կարիքների համար, բայց ծնողն ավելի լավ գիտի՝ զավակն ինչի կարիք ունի։ Երբեմն էլ հարկավոր է վաստակել այն, ինչ մենք խնդրում ենք: Նույնպես մենք մեր երեխաներին դաստիարակելու համար երբեմն սովորեցնում ենք վաստակել այն, ինչ մեզ անհրաժեշտ է: Աստված՝ մեր սիրող Հայրը, շատ լավ գիտի, երբ պատասխանի, մեզ մնում է հարատևել մեր աղոթքներում հոգևոր աճի համար: Երբ համառում ենք մեր հոգևոր կյանքում, հոգևոր աճ ենք ձեռք բերում. այլևս չենք ձանձրանում ժամերգություններին, Սուրբ Պատարագին, սկսում ենք ըմբռնել ծիսական արարողությունների խորհուրդը, այն դառնում է մեր առօրյան»:Պահքը մեզ կօգնի…
«Մեր ներսում կա պայքար խղճի և մտքի միջև, որը շատ հաճախ մարդուն տանում է փակուղի։ Կան դեպքեր, երբ մարդ փորձում է առաջնորդվել բանականությամբ, բայց խիղճը և հոգևորը լրիվ ուրիշ կողմ են քաշում և հակառակը: Շատ հաճախ մարդիկ պահանջ ունեն պահք պահելու, բայց միտքը սկսում է բերել պատճառաբանություններ, արդարացումներ չպահելու համար։ Շատ կարևոր է, որ լինենք ինչպես այրի կինը, ունենանք նրա համառությունը: Պահքը կօգնի մեզ համար շատ բացահայտումներ անել»:
