Զելենսկին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը պետք է տեղի ունենա չեզոք Եվրոպայում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար լավագույն վայրը համարում է եվրոպական որևէ երկիրը։ «Մենք կարծում ենք, որ արդարացի է, և եվրոպացիները պնդել են այդ հարցում, որ հանդիպումը տեղի ունենա չեզոք Եվրոպայում, որովհետև Ուկրաինայում պատերազմը նաև եվրոպական մայրցամաքում է։ Ես ասացի, որ մենք համաձայն ենք։ Շվեյցարիա, Ավստրիա՝ մենք համաձայն ենք»,- ասել է նա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Զելենսկին հավելել է՝ Ուկրաինան դեմ չէ նաև հանդիպումը Թուրքիայում անցկացնելուն։ Միաժամանակ, նա կտրականապես մերժել է գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։ Ինչ վերաբերում է Հունգարիային, ըստ Զելենսկիի՝ «այսօր դա հեշտ չէ», քանի որ այս երկիրը դեմ է Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում աջակցելուն։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը իտալական Corriere della Sera-ին տված հարցազրույցում նշել է այլ հավանական վայրեր՝ Վատիկան և Սաուդյան Արաբիա։
