«Մենք ունենք շատ լավ արտիստներ, բայց եթե նրանք լինեն Ջեյ Լոյի նման, դա երբեք հայ ժողովրդի կողմից չի ընդունվի»․ Լիլուն՝ հայ երգչուհիներին Լոպեսի հետ համեմատելու փորձերի մասին
Երգչուհի Լիլուն ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հրապարակած տեսաշարով անդրադսարձել է Ջենիֆեր Լոպեսի երեւանյան այցին, դրա շուրջ տարածված կրքերին եւ 56-ամյա Լոպեսին՝ հայ երգչուհիների հետ համեմատելու փորձերին։
«Ժողովուրդ, ընդամենը մի քանի օր առաջ էի խոսում այս թեմայով, թե ինչու ենք մենք իրարից այսքան զզվում, հիմա նույն բանն է կատարվում։ Ջեյ Լոն համաշխարհային մեգաաստղ է, ով իր օրվա 24 ժամն անցկացնում է շատ ռացիոնալ․ քնում է 8 ժամ, սնվում է բանջարեղենով, ունի սննդաբաններ, իր երեխաներին հատուկ ժամերով է տեսնում, որովհետեւ անընդհատ շրջագայում է, սպորտով զբաղվում, պարում է՝ կոնկրետ բեմի մարդ է։ Համեմատել մի բուռ ազգի մեջ ճանաչված երգչուհիներին նրա հետ՝ ո՞նց կարելի է, պարզ չի՞, որ այդ մարդն իր կյանքի ողջ ներուժը դրել է իր բեմական գործունեության մեջ, ուրիշ հոգս չունի, դա է իր կյանքը, ո՞նց կարելի է համեմատել։ Այլ աշխարհահռչակ երգչուհիներ նույնիսկ կան, որ անգամ մոտ չեն կարող կանգնել նրան համեմատական առումով․ 56 տարեկան կին է, նայում ես ու հիանում, ասում ես՝ հալալ ա, բայց դրան հասնելու համար շատ մեծ բաներ է արվել՝ մի ամբողջ կյանք է ինքը դրան նվիրել, ժամանակ ու մեծ գումարներ»,-նշել է նա։
Շարունակելով հայ երգչուհիների հետ Ջեյ Լոյին համեմատելու թեման՝ Լիլուն հավելել է․ «Դուք, նույնիսկ, չեք թույլատրում մարդ կիսատաբատ հագնի, ասոցացնում եք խուժանության հետ։ Ժողովրդի մեծամասնությունը դա երբեք չի ընդունի, ի՞նչ բոդի։ Չի կարելի համեմատվել․ մենք ունենք շատ լավ արտիստներ, բայց եթե նրանք լինեն Ջեյ Լոյի ոճի, դա երբեք հայ ժողովրդի կողմից չի ընդունվի»։
Ինքը՝ երգչուհին, եւս իր գործունեության ակտիվ շրջանում դասվել է համարձակ արտիստների շարքում․ Լիլուն վերհիշել է նաեւ այդ շրջանն ու կատակել՝ ինքը պատվով է դուրս եկել դիզայներների ու ռեժիսորների որոշած կերպարների արդյունքում ստացած բացասական արձագանքներից։ Լիլուն խոսել է նաեւ Իվետա Մուկուչյանի մասին՝ ընդգրկելով նրան ամենատաղանդավոր հայ արտիստների շարքում։
«Իսկապես ունենք շատ տաղանդավոր արտիսներ, օրինակ՝ Իվետա Մուկուչյանն ինձ համար շատ տաղանդավոր երգչուհի է, շոու անող դեմք՝ շատ լավ էներգետիկայով։ Շատ տաղանդավոր երգչուհիներ ունենք, բայց Իվետան ինձ համար այլ նշաձող է, որովհետեւ ինքը դրսում է մեծացել, ուրիշ մոտեցում ունի, ինքը գիտի, որ արտիստ է, բայց մենք երբեք չենք հասկացել արտիստին, մենք չենք ասոցացնում երգչուհուն արտիստի հետ․ երգչուհին եչգչուհի է՝ պիտի կանգնի ու երգի՝ երկար շորով երգի, ի՞նչ բոդի»,-հումորով հավելել է նա
