Վկայում ենք տրածաշրջանում հայ քրիստոնեական բազմադարյա ներկայության ոչնչացման մասին․ հայտարարություն
«Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովի հայտարարությունը․
Նախաբան․ Պատասխանատվության և արձագանքի շրջանակ
Եսայի 58:12 — « Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։»
Գաղատացիներ 6:2 — « Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։»
Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված այս միջազգային համաժողովը հրավիրվել է ի պատասխան 2023 թվականին տեղի ունեցած հայ ժողովրդի բռնի տեղահանման և նրանց սուրբ ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ կրոնական համայնքների, գիտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հնչեցրած հրատապ կոչերին։ Մարդկային արժանապատվության, կրոնի ազատության և մշակութային իրավունքների սկզբունքների վրա հիմնված համաժողովը ձևավորվում է միջազգային գործող իրավական հենքերի վրա՝ այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված Հակամարտության Ժամանակ Մշակութային Արժեքների Պաշտպանության վերաբերյալ և ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաները։ Համաժողովն արձագանք է Հայ Առաքելական Եկեղեցու կոչին և կազմակերպվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից, որոնք ճանաչում են մշակութային ժառանգության, ինքնության և արդարության անքակտելի կապը։
Բեռնում կայացած այս հանդիպումն արտահայտում է ճշմարտության վկայության, հիշողության պահպանման և միջազգային համակարգված գործողությունների միջոցով մարդկության ընդհանուր ժառանգությունը պաշտպանելու հավաքական հանձնառությունը։
Ողբերգական կորստի ճանաչում և վկայություն տալու պարտականություն
Խորը ցավով ենք արձանագրում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից և շրջափակումից հետո Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը: Մենք վկայում ենք տրածաշրջանում հայ քրիստոնեական բազմադարյա ներկայության ջնջման, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների և այլ սրբավայրերի ու մշակութային վայրերի զանգվածային ոչնչացման մասին, ինչպես փաստագրել են անկախ կազմակերպություններ՝ Caucasus Heritage Watch, Save Armenian Monuments, Monument Watch և այլ մշակութային կառույցներ։

