Թուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա Պողոսյան

«Ի՞նչ է ուզում անել Թուրքիան, որպեսզի իր պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործի»,-գրում է քաղաքագետ արա Պողոսյանն ու շարունակում.

«Ուրեմն` դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել էր Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան – Էգեյան գոտին։ Բալկանյան տարածաշրջանում Թուրքիայի գլոբալ ռազմավարության իրագործման բանալին Կոսովոն էր, Հարավային Կովկասում` Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արևելքում` Սիրիան, Միջերկրածովյան – Էգեյան գոտում` Կիպրոսը։ ԵՒ ուրեմն` Սիրիայի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո մնում է Կիպրոսի հարցը, որից հետո Թուրքիան այլևս դուրս կգա դեպի Բալկաններ և Կենտրոնական Ասիա։

Բալկաններում նախկին հակաթուրքականությունը գրեթե հաղթահարված է, անգամ Բուլղարիան, որը ավանդաբար հակաթուրքական պետություն էր, արդեն տեղի թուրքական համայնքը նույնիսկ քաղաքական ասպարեզ է ներխուժել, երկրի առաջատար կուսակցություններից մեկը հենց թուրքական կուսակցություն է։ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո Հայաստանի տարածաշրջանային դերը դարձել է սահմանափակ, քաղաքական և ռազմական հնարավորությունների նվազումը, երկրի իշխանությունների պարտվողական քաղաքականությունը կատարյալ պայմաններ են ստեղծում թուրքական ազդեցության հաստատման և Հայաստանին դեպի թյուրքական ճամբար կլանելու համար։

Գործող իշխանությունները` պարտությունից հետո պարտվողականության բարդույթով հակված են ամեն գնով ստանալու խաղաղության փաստաթուղթ, ինչը հնարավորություն է թուրքական ռազմավարական պլանավորման համար` «չար ու բարի» ոստիկանների դերով Հայաստանին տանելու դեպի իրենց ռազմավարական ուղեծիր, «փափուկ ուժով» ձեռք գցելու Հայաստանի ռազմավարական կապուղիներն ու տնտեսական արտերիաները կապելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ` ստանալ երկարաժամկետ իշխանություն Հայաստանի տնտեսական և քաղաքական համակարգի վրա։

Share This