Նյու Յորքում Մեքսիկայի ՌԾՈՒ նավը բախվել է Բրուքլինի կամրջին. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել

Երկու մարդ զոհվել, ևս 17-ը վիրավորվել են, երբ Մեքսիկայի ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) ուսումնական նավը բախվել է Բրուքլինի կամրջին, կիրակի օրը հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը։

«Այսօր երեկոյան ավելի վաղ Մեքսիկայի ՌԾՈՒ «Կուաուտեմոկ» մեծ առագաստանավը կորցրել է կառավարումը և բախվել Բրուքինի կամրջին, – X սոցիալական ցանցում գրել է Ադամսը։- Այս պահին նավում գտնվող 277 մարդուց 19-ը վիրավորվել է, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ ևս 2-ը, ցավոք, մահացել են ստացած վնասվածքներից»։

Գարնանային տաք երեկոն վայելող հանդիսատեսները սարսափով հետևում էին, թե ինչպես է իջեցված առագաստներով և պարաններից կախված տոնական լույսերով նավը փորձում  անցնել կամրջի տակով, որը կտրել է կայմերը և դրանք գցել Իսթ Ռիվեր գետը։

Որոշ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, նավաստիները գտնվել են պարանների վրա, երբ նավը բախվել է կամրջին։ Ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ ոչ ոք ջուրը չի ընկել և որ փրկարարական գործողություն չի իրականացվել։ Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, հաղորդում է New York Post-ը։

Միջադեպի պահին «Կուաուտեմոկը» ուսումնական վարժանքներ էր կատարում և վնասվել է «դժբախտ պատահարի» հետևանքով, ասվում է Մեքսիկայի ՌԾՈՒ հայտարարության մեջ։ «Ռազմածովային նավատորմի նախարարությունը հաստատում է իր հավատարմությունը իր անձնակազմի անվտանգությանը, իր գործողությունների թափանցիկությանը և Մեքսիկայի ՌԾՈՒ ապագա սպաների պատրաստման գերակայությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Share This