Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացուն տրված տարկետման դադարեցման (հիմք առաջանալու պարագայում) ընթացակարգի պարզեցման անհրաժեշտությամբ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտը: Տարկետում ստացած քաղաքացիները բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում (այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու, օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառներով) կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:
«Փաստ» օրաթերթը գրում է.
