Ավտովթար Արագածոտնի մարզում. Renault-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ.
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում տաքսու տարբերանշաններով Renault մակնիշի 889 ԼԼ 36 համարանիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/26/1141470/
