Ում էր պետք լրագրողների փոխայցն առհասարակ
Մինչ Հայաստանում ուրախանում են, որ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ եղել է լրագրողական խմբերի փոխայցելություն, Բաքուն ամբողջ թափով նստած կապիտալիզացնում է այդ փոխայցելությունը՝ ի օգուտ իր քաղաքական գծի։ Մասնավորապես, Բաքվի քարոզչամեքենայի շահերը սպասարկող «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնքի» նախագահ Թուրալ Գյանջալիեւը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ գոհունակություն է հայտնել փոխայցելության հետ կապված, հայտարարելով, որ այդ միջոցառումն էական նպաստ էր Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի հետ երկխոսություն ձեւավորելու համար։ Հասկանալի է չէ, թե Բաքուն ուր է խփում մեխը։ Փաստորեն պարզվում է, որ Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որտեղ կա եւ Հայկական համայնք իր ղեկավար կազմով, ի դեմս Բակո Սահակյանի, ով ամենեւին էլ ԼՂՀ նախագահը չէ, այլ տեղի հայ համայնքի նախագահը, եւ կա ադրբեջանական համայնք, որը երեւի թե կվերադառնա ԼՂՀ փախստականների վերադարձի անվան տակ ու Թուրալ Գյանջալիեւը կլինի նույնքան նախագահ, որքան Բակո Սահակյանը։ Այլ կերպ, ինչպես կարելի է բացատրել այն պարզ իրողությունը, թե ինչու է Բաքուն ստեղծել ու պահում այդ կարգի կառույց, որ մի հատ էլ հայտարարություն տարածի։ Իսկ ավելի վաղ արդեն Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողը «կարոտակեզ» գրառումներ էր արել «հայրենի Քելբաջարի եւ Շուշայի» մասին։
