Երեք խոզուկների սովի են մատնում հանուն ժամանակակից արվեստի
Երեք կենդանի խոճկոր սովից կսատկեն՝ հանուն ժամանակակից արվեստի. Դա գեղարվեստական ինստալացիա է, որը նկարիչ Մարկո Էվարիստին հույս ունի օգտագործել Դանիայում ժամանակակից խոզաբուծության դաժանության վրա լույս սփռելու համար, որտեղ ամեն օր մոտ 25000 խոճկոր է մահանում վատ պայմանների պատճառով, հայտնում է NYP-ն։

Բայց նրա գաղափարը վրդովմունք է առաջացրել, երբ ծնունդով Չիլիից Էվարիստին Instagram-ում ցուցադրության մասին հրապարակում է արել, որում խոճկորները պատկերված են վանդակում՝ գնումների սայլի մեջ:
«Խնդրում եմ, այս խոզերին սովի մի՛ մատնեք,-նշել է մեկնաբանողներից մեկը,-նրանք արժանի չեն դանդաղ, ցավալի մահի»։ «Դուք ոչնչով ավելի լավը չեք, քան այն խնդիրը, որը փորձում եք լուծել»,-գրել են օգտատերերը:
Animal Protection Denmark-ը՝ Դանիայի կենդանիների պաշտպանության ամենախոշոր և հնագույն կազմակերպությունը, հակասական զգացմունքներ է հայտնել հրապարակման վերաբերյալ:
«Մենք լիովին հասկանում ենք նկարչի վրդովմունքը,-ասել է կազմակերպության ներկայացուցիչ Բիրջիթ Դամը,-բայց մենք համաձայն չենք, որ երեք խոզուկները, երեք առանձին կենդանի էակները, սովամահ լինեն ու զրկվեն ջրից։ Սա անօրինական է և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք է»:Թեև նա համաձայն չէ Էվարիստիի՝ կենդանիների պաշտպանության մեթոդին, ասում է, որ նա ճիշտ է, քանի որ տալիս է «էական հարցեր այն մասին, թե ով ենք մենք որպես մարդիկ, կամ ով ենք մենք ուզում լինել, և ինչ ենք անում՝ հանուն հսկայական քանակությամբ էժան, զանգվածային արտադրության մսի»:
