Ուշ ընթրիքն արագացնում է մաշկի ծերացումը և մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը.
Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուշ երեկոյան ուտելու սովորությունը խախտում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերը, ինչը հանգեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ մաշկի բնական պաշտպանության նվազմանը։ Դա կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports բժշկագիտական հանդեսում:
Այս գործընթացի հիմնական բաղադրիչը արևայրուքից հետո մաշկի բջիջների վերականգնմանը մասնակցող XPA սպիտակուցն է:
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ կենդանիները, որոնք ուտում են ոչ բնորոշ ժամանակներում (ցերեկային ժամերին, երբ սովորաբար քնում են), ավելի ծանր ուլտրամանուշակագույն այրվածքներ են ստացել, քան նրանք, ովքեր հավատարիմ են մնացել իրենց սովորական ռեժիմին: Այդ արդյունքները հաստատում են այն վարկածը, որ սննդի ժամանակացույցն ուղղակիորեն անդրադառնում է մաշկի ներքին ժամացույցի աշխատանքի վրա:
Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ջոզեֆ Տակահաշին նշել է, որ սննդի ճիշտ ժամերին հետևելն օգնում է սինխրոնացնել օրգանիզմի կենսաբանական ժամացույցը՝ ուժեղացնելով մաշկի պաշտպանությունը արևային ճառագայթումից: Ռեժիմի խախտումները, ընդհակառակը, մաշկն ավելի խոցելի են դարձնում։
Գիտնականներն ընդգծել են ոչ միայն սննդակարգի բաղադրության, այլև դրա ժամանակի կարևորությունը, հատկապես արեգակնային ակտիվության աճի և մելանոմայի դեպքերի աճի պայմաններում: Երիտասարդությունն ու առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետևել խիստ առօրյային և խուսափել ուշ գիշերային «խնջույքներից»:
