Ինչպես պետք է հաղթահարել աղքատությունը Գյումրիում, ըստ Նիկոլ Փաշինյանի

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իշխանության խնդիրը պետք է լինի ապահովել քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը: Նա ասաց, որ այս կերպ է միայն հնարավոր հաղթահարել աղքատությունը Շիրակի մարզում։ Վարչապետը նկատեց, որ կայացված որոշումներով Հանրապետության երկրորդ քաղաքում որոշակի աշխուժություն նկատվում է, ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման ու գործունեության համատեքստում կընդլայնվի այն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում Ryan Air-ը չվերթներ է սկսելու Գյումրի, ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր:

Վարչապետը, խոսելով աղքատության հաղթահարման մասին, շեշտեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով և պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է»,-ասաց նա:

Վարչապետը ասաց նաեւ, որ մեկ առիթով ասել է և հիմա ևս կրկնում է՝ կհամարի, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կարողանան ազատվել «ժանգոտ բուտկաներից» և մեքենաների «ռամաներից»:

«Սա շատ կարևոր բան է, այս հոգեբանությունը շատ բան է կանխորոշում»,-ասաց նա և նշեց, որ ինքն էլ այնպիսի մեքենա է ունեցել, որից դժվար է եղել ազատվել, բայց այդ որոշումները պետք է կայացնել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )