Կրճատեք իմ ժամերը, բայց բացեք գիտական ֆոնդեր. Ռիտա Սաղաթելյանը՝ ԿԳՄՍ նախարարին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԵՊՀ Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարությամբ նսեմացրել է իրենց գիտնականի դերը՝ իրենց պիտակելով կաշառակեր, հայոց լեզուն բուհերից հանելը հիմնավորելով նաև այն փաստարկով, որ դրանով կանխում է կոռուպցիոն ռիսկերը: «Նաեւ նշվեց, թե կուրծք են ծեծում հիմնականում այն դասախոսները, որոնք վախենում են կորցնել իրենց ժամերը: Այո, կար այդ միտքը եւ ես չէի ամաչում ընդգծել, որ գիտնականն է զրկվում աշխատանքից: Բայց հիմա ես ասում եմ՝ այո, կրճատեք մեր ժամերը: Ես գիտնական եմ եւ 800 ժամից ավելի պարապում եմ եւ դրա դիմաց ստանում եմ կոպեկներ: Ես ասում եմ՝ կրճատեք իմ ժամերը, ինձ տվեք կես դրույք, բայց բացեք գիտական ֆոնդեր, թող պետությունը հովանավորի եւ ես զբաղվեմ լեզվաբանության զարգացմամբ: Երկու տարում խոստանում ենք սեղանին դնել 10 դասագիրք՝ բոլորովին նոր մեթոդներով, ըստ առանձին ֆակուլտետների: Ինձ հովանավորեք, ես զարգացնեմ գիտություն»,-ասաց դասախոսը:Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ից դասադուլ են անում՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը:Նոյեմբերի 7-ին երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )