Մահափորձից հետո Ջոն Քենեդիի հոսպիտալացման տեսանյութը աճուրդում վաճառվել է 137 500 դոլարով
Վերջերս հայտնված տեսագրությունը, որում մահափորձից հետո ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ավտոշարասյունը Դալլասի ավտոմայրուղով արագությամբ շարժվում է դեպի հիվանդանոց, շաբաթ օրը աճուրդում վաճառվել է 137 500 դոլարով, գրում է Associated Press-ը։
8 մմ-անոց գունավոր ժապավենը վաճառքի է հանվել Բոստոնի RR աճուրդում։ Աճուրդի տունը հայտնել է, որ գնորդը ցանկացել է անանուն մնալ: Ֆիլմը եղել է այն նկարահանած մարդու՝ Դեյլ Քարփենթեր ավագի, ընտանիքում 1963 թվականի նոյեմբերի 22-ին այն տեսագրելուց հետո: Ֆիլմը սկսվում է նրանով, որ Քարփենթերը քիչ է մնում բախվի նախագահին և առաջին տիկին Ժակլին Քենեդիին տեղափոխող լիմուզինին, բայց նաև նկարահանում է ավտոշարասյան մյուս մեքենաները, երբ նրանք շարժվում են Լեմմոն պողոտայով դեպի քաղաքի կենտրոն: Այնուհետև ֆիլմի գործողությունները ծավալվում են Քենեդու դեմ մահափորձից հետո, երբ ավտոշարասյունը սրընթաց անցնում է 35-րդ ավտոմայրուղով:
Կրակոցները հնչել են այն ժամանակ, երբ ավտոշարասյունն անցել է Դիլի Պլազայով Տեխասի դպրոցական գրադարանի շենքի դիմացով, որտեղ, ինչպես պարզվել է, գրադարանի վեցերորդ հարկում դարանակալել էր մարդասպան Լի Հարվի Օսվալդը:
Բուն սպանությունը, ինչպես հայտնի է, նկարահանել է Աբրահամ Զապրուդերը։ Քարփենթերի կադրերում I-35-ից, որը տևում է մոտ 10 վայրկյան,երևում է, թե ինչպես է Գաղտնի ծառայության գործակալ Քլինթ Հիլլը, որն, ինչպես հայտնի է, կրակոցների ժամանակ ցատկել էր լիմուզինի հետևի նստատեղին, կանգնած դիրքով կախված նախագահի և Ժակլին Քենեդիի վրա, որի վարդագույն կոստյումը երևում է լուսանկարում։
