Ինչ խնդիրների կարող է հանգեցնել կալիումի պակասը և որոնք են նման խնդրի զարգացմանը նպաստող գործոնները
Ախորժակի վատթարացումը, մկանային հիպոտոնիան, ռեֆլեքսների թուլացումն ու նախաուշագնացային վիճակը կարող են վկայել օրգանիզմում կալիումի անբավարարության մասին։ Այս միկրոտարրը օրգանների և հյուսվածքների համար ամենակարևոր նյութերից մեկն է և ակտիվացնում է տարբեր բջջային գործառույթները։ Այս մասին գրում է «Sport-express»-ը՝ վկայակոչելով թերապևտ Անաստասիա Տիմոշչենկոյին։
«Օրգանիզմում կալիումը ներբջջային նյութափոխանակության կարգավորիչ է և նպաստում է մարմնից ջրի ու նատրիումի դուրսբերմանը։ Սննդի միջոցով կալիում ստալան ամենակարևորն է օրգանիզմում կալիումի ընդհանուր պարունակության կարգավորման գործում»,- նշել է մասնագետը։
Փորձագետի խոսքով՝ այս միկրոտարրերի պակասի մասին են վկայում նաև զարկերակային և երակային ճնշման նվազումը, սրտի ռիթմի խանգարումը, անքնությունը, մաշկի չորությունն ու մազերի խամրած երանգը։
Կալիումի փոխանակության խանգարմանը նպաստող գործոնների թվում մասնագետը նշել է հետևյալները․
- թեյի, սուրճի և էներգետիկ ըմպելիքների չարաշահումը,
- սննդի մեջ նատրիումի մեծ քանակությունը,
- մագնեզիումի պակասը,
- պարզ ածխաջրերի չարաշահումը,
- ալկոհոլի և ծխախոտի չարաշահում,
- ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ժամանակ առատ քրտնարտադրությունը,
- հաճախակի փսխումով կամ փորլուծությամբ պայմանավորված հեղուկի կորուստը,
- միզամուղ դեղերի ընդունումը։
