Ինչ խնդիրների կարող է հանգեցնել կալիումի պակասը և որոնք են նման խնդրի զարգացմանը նպաստող գործոնները

Ախորժակի վատթարացումը, մկանային հիպոտոնիան, ռեֆլեքսների թուլացումն ու նախաուշագնացային վիճակը կարող են վկայել օրգանիզմում կալիումի անբավարարության մասին։ Այս միկրոտարրը օրգանների և հյուսվածքների համար ամենակարևոր նյութերից մեկն է և ակտիվացնում է տարբեր բջջային գործառույթները։ Այս մասին գրում է «Sport-express»-ը՝ վկայակոչելով թերապևտ Անաստասիա Տիմոշչենկոյին։

«Օրգանիզմում կալիումը ներբջջային նյութափոխանակության կարգավորիչ է և նպաստում է մարմնից ջրի ու նատրիումի դուրսբերմանը։ Սննդի միջոցով կալիում ստալան ամենակարևորն է օրգանիզմում կալիումի ընդհանուր պարունակության կարգավորման գործում»,- նշել է մասնագետը։

Փորձագետի խոսքով՝ այս միկրոտարրերի պակասի մասին են վկայում նաև զարկերակային և երակային ճնշման նվազումը, սրտի ռիթմի խանգարումը, անքնությունը, մաշկի չորությունն ու մազերի խամրած երանգը։

Կալիումի փոխանակության խանգարմանը նպաստող գործոնների թվում մասնագետը նշել է հետևյալները․

  • թեյի, սուրճի և էներգետիկ ըմպելիքների չարաշահումը,
  • սննդի մեջ նատրիումի մեծ քանակությունը,
  • մագնեզիումի պակասը,
  • պարզ ածխաջրերի չարաշահումը,
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահում,
  • ինտենսիվ ֆիզիկական ակտիվության ժամանակ առատ քրտնարտադրությունը,
  • հաճախակի փսխումով կամ փորլուծությամբ պայմանավորված հեղուկի կորուստը,
  • միզամուղ դեղերի ընդունումը։
Share This