«Կեսից բոլորս հուզվել ու արտասվել ենք». Լիա Զախարյանը՝ «Նոր տարվա կինո» ֆիլմում իր կերպարի մասին
Դերասանուհի Լիա Զախարյանին՝ բոլորովին նոր, գրոտեսկային ու հումորային կերպարով հանդիսատեսը շուտով կտեսնի Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմում: Ֆիլմում իր տեսարանների նկարահանումներն արդեն ավարտվել են, իսկ լավ թիմի հետ բարդ ու հաճելի աշխատանքի, նկարահանման հրապարակում ունեցած հույզերի մասին Լիան հպարտությամբ է հիշում:
«Առաջարկը ստացա ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Արշակյանից և վիդեո փորձերից հետո ընտրվեցի այդ կերպարի համար:
Ուզում եմ անպայման պատմել մեր առաջին «չիտկայի» մասին, երբ բոլորս ուրախ եկել էինք, լավ տրամադրությամբ, ամեն ինչ լավ էր, սցենարի կեսից հանկարծ նկատեցինք, որ բոլորս հուզվել ենք, արտասվում ենք: Թեթևակի դադար ենք վերցրել, որ կարգի բերենք մեր էմոցիաները»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:
Թեև Ֆիլմում Լիան և Լիանա Վանոյանը ներկայանում են գրոտեսկային, կերպարներով, բայց ֆիլմն ըստ դերասանուհու՝ ամենևին բրենդի կամ լյուքս քոփիի մասին չէ:
Ֆիլմն ունի ավելի կարևոր ասելիք, որը վստահ եմ դիպչելու է բոլորի սրտերին, հուզելու է բոլորին և ֆիլմը ստիպելու է հավատալ՝ եթե մի բան շատ ես ուզում, դարձնում նպատակ, ու քայլեր ձեռնարկում, այլ ոչ թե ձեռքերդ ծալած նստում, սպասում, կամ երազում, անպայման քո նպատակն իրականություն է դառնում»,-ասաց դերասանուհին:
Նրա խոսքով՝ կերպարն ունի կարևոր ասելիք, որը բացվում է ֆիլմի կեսից և կուլմինացիոն ավարտ է ունենում հենց վերջում:
«Այս կերպարն ինձ որպես դերասանուհի Լիա Զախարյան շատ բան է սովորեցրել: Եղել են տեսարաններ, երբ նկարահանման ժամանակ ինչ-որ բան խեղդում էր կոկորդս: Բարդ էր ու պատասխանատու, և նուրբ մոտեցում էր պահանջում: Ելենան ամեն վայրկյան կարողանում էր ինձ շատ ճիշտ էմոցիոնալ և հոգեբանական խնդիր տալ: Շնորհակալ եմ նրան՝ նման պրոֆեսիոնալ մոտեցման ու հոգեբանական օգնության համար: Գուցե լիներ ուրիշ ռեժիսոր ես նույն հոգեբանական ճիշտ մոտեցումը չկարողանայի ստանալ»,- խոստովանեց Լիան:
Լիանա Վանոյանի հետ աշխատելու նրա 3-րդ փորձն էր: Դերասանուհին պատմեց, որ Լիանան ապահովում էր նկարահանման հրապարակի բարձր տրամադրությունը:
«Լիանան մեր լիցքավորիչն էր, ոչ ոք չէր հասցնում զգալ հոգնածություն կամ տխրություն, շոգ, անձրև, ցուրտ կամ սով, որովհետև նա այնքան էմոցիոնալ էր, ու անվերջ հումորներ էր անում:
Ֆիլմի ստեղծագործական թիմում բոլորը պրոֆեսիոնալներ էին, հստակ գիտեին ուր են եկել, ամեն մարդ հստակ զբաղվում էր իր գործով, ինչը շատ հազվադեպ է լինում: Կուզեմ նաև առանձնացնել մեր 2 փոքրիկ հրաշք դերասաններին՝ Վիկային և Նվերին, ովքեր իրենց տարիքի և փորձի համեմատ բավականին պրոֆեսիոնալ մոտեցում էին ցուցաբերում: Իսկապես չէիր զգում, որ աշխատում ես երեխաների հետ: Կարծես աշխատում էիր փորձառու, հասուն դերասանների հետ, որոնցից սովորելու շատ բան կար»,- նշեց Լիա Զախարյանը:
Նրա համոզմամբ՝ իզուր չէր ֆիլմի սցենարի վրա 3 տարի աշխատելը, քանի որ այն ասելիքը, որը պիտի տեղ հասնի, չէր կարող զարգանալ 1 տարում:
Լիան խոստովանում է՝ կերպարը շատ բարդ էր և տարբերվում էր իր բոլոր դերերից:
«Ես երբեք չեմ եղել նման գրոտեսկային կերպարում, որից հետո ենթարկվում եմ տրանսֆորմացիայի և կարևոր ասելիքը տեղ հասցնում: Շատ մեծ հպարտություն եմ զգում, որ հենց ես եմ ընտրվել այդ դերի համար և շնորհակալ եմ Անահիտ Մխիթարյանին ու Ելենա Արշակյանին նման կարևոր դժվար դերն ինձ վստահելու համար: Շնորհակալ եմ ողջ թիմին՝ պրոֆեսիոնալ մոտեցման համար»,- ամփոփեց Լիա Զախարյանը:








