Հնդկաձավարով դիետա. ավելորդ քաշի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն ու դրա առանձնահատկությունները
Ավելորդ քաշը ներկայում ամենատարածված խնդիրներից է, որի դեմ պայքարի համար մասնագետները մշակել են բազմաթիվ սննդակարգեր։ Նման սննդակարգերից ամենատարածվածներից ու արդյունավետներից մեկն է հնդկաձավարով սննդակարգը, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից առանց առողջությանը վնաս հասցնելու։
Այս սննդակարգը պարզ է, արդյունավետ ու շատ հասանելի։ Այն ընդամենը երկու շաբաթում կօգնի ազատվել ավելի քան երեք կիլոգրամ ավելորդ քաշից՝ թույլ տալով խուսափել քաղցի զգացումից ու ինքնազգացողության վատթարացումից։ Սակայն այս սննդակարգն ունի իր դրական ու բացասական կողմերը, որոնք հարկավոր է հաշվի առնել դրան հետևելուց առաջ։
Հնդկաձավարը յուրահատուկ մթերք է, որը հաճախ է թերագնահատվում։ Այն հարուստ է С, В, Р և РР վիտամիններով, երկաթով, կալիումով, մագնեզիումով և այլ օգտակար միկրոտարրերով։ Ավելին՝ այս մթերքը չի առաջացնում ալերգիաներ և չունի հակացուցումներ, ուստի այն կարող են օգտագործել բոլորը։
Այս դիետային հետևելու ընթացքում հարկավոր է հիշել, որ հնդկաձավարը պետք չէ եփել, այլապես գործադրած ջանքերը բավական արդյունավետ չեն լինի։ Սննդակարգի հիմնական ուտեստը պատրաստելու համար հարկավոր է հնդկաձավարին ավելացնել եռման ջուր (1:2 հարաբերակցությամբ), փաթաթել տարան տաք կտորով և թողնել մի քանի ժամ։ Այս կերպ կարելի է երեկոյան հնդկաձավարը «թրմել», իսկ առավոտյան նախաճաշել ստացված շիլայով։
հնդկաձավարով դիետայի հիմնական նախապայմաններից մեկն այն է, որ շիլային ոչ մի դեպքում չի կարելի աղ կամ որևէ սոուս ավելացնել։ Միևնույն ժամանակ հարկավոր է օրական առնվազն երկու լիտր հեղուկ խմել, սակայն թույլատրվում է միայն զտված ջուր կամ բուսական թեյեր առանց շաքարավազի։ Նաև հարկ է հիշել, որ վերջին անգամ կարելի է սնվել քնելուց չորս ժամ առաջ։
Դիետայի ընթացքում շիլան կարելի է համադրել պանրի, բանջարեղենի, մրգերի, սնկերի, ձկան, կանաչ տերևավոր բանջերեղենի, հավի կամ հնդկահավի անյուղ մսի հետ։ Կարելի է անգամ պատրաստել բանջարեղենային կամ մրգային աղցաններ՝ համեմելով դրանք քիչ քանակությամբ բուսայուղով, իսկ միսը, ձուկը, սնկերն ու բանջարեղենը խաշել կամ տապակել հնարավորինս քիչ քանակությամբ բուսայուղով (կամ առանց յուղի)։
Այս սննդակարգով սնվելիս հարկավոր է հաշվի առնել, որ հնդկաձավարը հարկավոր է ուտել ինչպես նախաճաշին, այնպես էլ ճաշին, ընթրիքին, լանչին կամ հետճաշիկին՝ համադրելով այն որևէ այլ մթերքի հետ։ Ընդ որում՝ այս դեպքում հնդկաձավարի քանակությունը նշանակություն չունի, սակայն շատ կարևոր է, որ դրա հետ ընտրված հավելյալ մթերքը լինի հնարավորին քիչ քանակությամբ։ Կարելի է նաև շիլայի հետ օգտագործել կաթնամթերք, սակայն այն չպետք է պարունակի շաքարավազ կամ այլ հավելումներ։
Հնդկաձավարով սննդակարգը նախատեսված է երկու շաբաթվա համար, սակայն այդ կարճ ժամանակահատվածում այն թույլ է տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ խուսափելով մշտական քաղցի զգացումից։ Ավելին՝ առողջ կենսակերպ վարելու դեպքում այս օրերին կորցրած ավելորդ կիլոգրամները ժամանակի ընթացքում չեն վերադառնա։
Այս սննդակարգով սնվելու դեպքում հարկ է հիշել, որ այն չի կարելի կտրուկ փոխել։ Առնվազն 10 օր հարկավոր է խստորեն հետևել վերոնշյալ ցուցումներին, որից հետո աստիճանաբար փոխարինել հնդկաձավարն այլ մթերքով՝ բացառելով հացաբուլկեղենը, յուղոտ ու տապակած մթերքը, ինչպես նաև շաքարն ու քաղցրավենիքը։ Այս ընթացքում քաշը դեռ շարունակում է նվազել, սակայն ոչ այնքան ինտենսիվ, որքան սննդակարգի առաջին օրերին։
Հնդկաձավարով սննդակարգն ունի թերևս միայն մեկ բացասական կողմ։ Այն շատ արագ ձանձրացնում է և ընդամենը մի քանի օր անց դրան հետևելու ցանկությունը սկսում է նվազել։ Սա է պատճառը, որ այն կարելի է ուտել անսահմանափակ, քանի որ աղի և սոուսների բացակայության դեպքում հնձկաձավարի շիլան ուտելու ցանկությունը կարճ ժամանակ անց պարզապես կորում է և դիետան չընդհատելու համար հարկավոր է լինում բավական մեծ կամքի ուժ ցուցաբերել։ Սակայն միևնույն ժամանակ այս մթերքը նաև շատ օգտակար է, քանի որ ոչ միայն օգնում է նիհարել ու կարգի բերել կազմվածքը, այլև մաքրում է օրգանիզմը բոլոր վնասակար տոքսիններից, էներգիա է հաղորդում, բարելավում է ինքնազգացողությունն ու թույլ է տալիս նորովի զգալ սիրելի մթերքի համը։
Այս կարճատև դիետան կօգնի հեշտությամբ կարգի բերել կազմվածքն ու մաքրել օրգանիզմը, սակայն հարկ է հիշել, որ անառող կենսակերպ վարելու դեպքում արդյունքը պահպանելը կարող է շատ ավելի դժվար լինել: Բանն այն է, որ այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն այդ քաշը շատ արագ կվերականգնվի անկանոն սնվելու, անառողջ ու բարձր կալորիականություն ունեցող մթերք օգտագործելու և նստակյաց կենսակերպ վարելու դեպքում: Սա է պատճառը, որ քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել կենսակերպը, խուսափել վնասակար սննդից և լինել ֆիզիկապես ակտիվ:
