ԿԳՄՍ նախարարը պետք է լինի հայամետ ու հայակենտրոն. ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Ա. Հարությունյանի հրաժարականը

<<Արայի ՛կ, գնա տուն>> վանկարկումներով Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամները:

Նրանք պահանջում են Կառավարության նիստն անցկացնել առանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի:

«Մեր օրակարգում մի կետ է` Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա: Նա իրեն որպես նախարար տապալել է: ՀՀ-ում ԿԳՄՍ նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ»,-հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչը` նշելով, որ նոր նախարարը պետք է լինի հայակենտրոն և հայամետ:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով` Հարությունյանի հրաժարականի պահանջը հասունացել է այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է տրամադրել «Մել» ֆիլմին, դրան այնուհետև ավելացել է տեղեկությունը, որ մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը  տրամադրվել է 2 700 000 դրամ:

Ըստ ակցիայի մասնակիցների` իրենց են պատրաստվում միանալ նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որոնք բողոքում են ԿԳՄՍՆ նոր օրինագծի դեմ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 6-ին, ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից հավաքել իրերն ու հեռանալ։

Բողոքի ակցիան շարունակվում է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )