Twitter-ի երկու նախկին աշխատակցի մեղադրել են Սաուդյան Արաբիայի օգտին «լրտեսելու» համար
Twitter ընկերության երկու նախկին աշխատակիցներ մեղադրվում են Սաուդյան Արաբիայի օգտին աշխատելու համար, ասվում է դատարանի մեղադրական եզրակացության մեջ:
Նրանք մեղադրվում են «օտարերկրյա կառավարության համար որպես գործակալ» աշխատելու հոդվածով, որը ԱՄՆ արդարադատության նախարարությունում անվանում են «լրտեսություն», գրում է CNBC-ն:
«Մեղադրական եզրակացությունը, որը հրապարակվել է այսօր, ենթադրում է, որ սաուդյան գործակալները Twitter-ի ներքին համակարգերում տեղեկություններ են փնտրել Սաուդյան Արաբիայի հայտնի քննադատների և հազարավոր այլ օգտատերերի մասին: Մենք թույլ չենք տա, որ ամերիկյան ընկերությունները կամ տեխնոլոգիաներն օտարերկրյա հալածանքների գործիք դառնան՝ խախտելով ԱՄՆ օրենքները»,- այս կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ դաշնային դատախազ Դևիդ Անդերսոնը:
Մեղադրյալներից մեկը՝ ԱՄՆ քաղաքացի Ահմադ Աբուամոն, ձերբակալվել է այս շաբաթ: Աբուամոյին մեղադրում են Սաուդյան Արաբիայի հանձնարարությամբ երեք օգտատերերի հետևելու համար:
Երկրորդ մեղադրյալը Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ալի Ալզաբարան է, որը, ինչպես ասվում է մեղադրական եզրակացության մեջ, Սաուդյան Արաբիայի խնդրանքով ստացել է Twitter-ի ավելի քան 6 հազար օգտահաշիվներին հասանելիություն:
Սաուդյան Արաբիայի մեկ այլ քաղաքացի՝ Ահմեդ Ալմութաիրին, մեղադրվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների և Twitter-ի աշխատակիցների միջև որպես միջնորդ հանդես գալու համար:
Ենթադրվում է, որ Twitter-ի աշխատակիցներին հանձնարարականներ է տվել թագավորական ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամի ղեկավարը: Washington Post թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ հիմնադրամը պատկանում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին:
Հաղորդվում է նաև, որ Twitter-ում տեղեկություններին հետևելու գործունեությունը սկսվել է 2014 թվականին և ակտիվացել է հաջորդող տարում:
Ենթադրվում է, որ արքայազնի ներկայացուցիչը Twitter-ի նախկին աշխատակից, կասկածյալ Աբուամոյին վճարել է մոտ 300 հազար դոլար և նրան նվիրել 20 հազար դոլար արժողությամբ ժամացույց:
Աբուամոն Twitter-ից ազատվել է դեռ 2015 թվականին, իսկ երկրորդ կասկածյալ Ալզաբարան այնտեղ աշխատել է մինչև 2017 թվականի դեկտեմբերը, երբ ընկերությունը բացահայտել է նրա գործունեությունը:
