Վենետիկում ջրասուզորդները մեծ ջրանցքից 400 կգ աղբ են դուրս բերել
Վենետիկի մեծ ջրանցքում իրականացված գործողության արդյունքում ջրանցքից 400 կիլոգրամ աղբ է դուրս բերվել, գրում է РИА Новости-ն:
Վենետիկի գլխավոր ջրային ուղու մաքրման աշխատանքներին մասնակցել է 8 կամավոր:
«Նրանք գոնդոլաների միության անդամներ են, ովքեր ազատ ժամանակը ջրասուզվելով են անցկացնում: Նշված գործողությունը նախաձեռնությունների երկրորդ փուլն է: Փետրվարից հունիս իրականացված 5 ջրասուզման արդյունքում մենք ջրանցքների հատակից 2,5 տոննա աղբ ենք դուրս բերել»,- ասել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը:
Գործողությունն իրականացվել է կիրակի օրը բանջարեղենի և ձկան շուկաների մերձակայքում և տևել են 6 ժամ՝ մինչև կեսգիշեր: Գիշերային ժամի ընտրությունը պայմանավորված է եղել աշխատանքների իրականացման վայրով, և չնայած ջրասուզման վայրը արգելափակել են, մեծ ջրանցքում շարժը չի դադարել:
Ջրասուզորդները ջրի հատակից հայտնաբերել են կենցաղային տեխնիկա և կենցաղում օգտագործվող տարբեր առարկաներ՝ խոհանոցի սալօջախ, համակարգչի էկրան, լամպ, ինչպես նաև օդորակիչ, մագնիտոֆոն, փոշեկուլի մի հատված:
Աղբի հավաքման սայլակը գտնված իրերի շարքում ամենախոշորներից է եղել. այն բարձրացնելու համար հատուկ կռունկ է անհրաժեշտ եղել:
Վենետիկի քաղաքային իշխանությունը պլանավորում են իրականացնել ևս 5 ջրասուզում:
