Իրանը 30 նորագույն ցենտրիֆուգ է գործարկել ուրանի հարստացման համար
Իրանն սկսել է 30 հատ հավելյալ IR-6 կատարելագործված ցենտրիֆուգներ կիրառել ուրանի հարստացման համար՝ կրկնակի ավելացնելով դրանց քանակը: Այս տվյալները փոխանցում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:
Նշվում է, որ Իրանն ավելի վաղ նախազգուշացրել էր ցենտրիֆուգների քանակն ավելացնելու մտադրության մասին: IR-6 ցենտրիֆուգները, որոնք Իրանն սկսել է օգտագործել, ունակ են 10 անգամ ավելի արագ հարստացված ուրան արտադրել, քան նախորդ սերնդի սարքավորումները:
Միևնույն ժամանակ Սալեհին պատմել է, որ Իրանը մշակում է IR-9 ցենտրիֆուգի նախատիպը, որը 50 անգամ ավելի արագ կլինի, քան IR-1 առաջին սերնդի սարքավորումը:
Ինչպես հայտնի է, միջուկային գործարքը սահմանափակում է Իրանի կողմից օգտագործվող առաջին սերնդի ցենտրիֆուգների քանակը: Նոր սերնդի սարքավորումների թողարկմամբ՝ Իրանը, փորձագետների գնահատմամբ, մեկ տարով կրճատում է միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ ժամկետները:
Հիշեցենք, որ այս տարվա մայիսի 8-ին՝ Թեհրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, Իրանը հայտարարել էր գործարքի կետերից մի քանիսի իրագործումը դադարեցնելու մասին, որոնք վերաբերում են հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարներին:
