McDonald’s-ի գլխավոր տնօրենին պաշտոնից ազատել են՝ ենթակայի հետ սիրավեպի պատճառով
Հանրային սննդի ոլորտում աշխատող McDonald’s ամերիկյան կորպորացիայի նախագահ Սթիվ Իսթերբրուքն ազատվել է պաշտոնից՝ ենթակայի հետ սիրավեպի պատճառով: Այդ պաշտոնում նրան կփոխարինի 51-ամյա Քրիս Քեմպինսկին, գրում է Fox News-ը:
Ղեկավարությունը եկել է այն եզրակացությանը, որ նա խախտել է ընկերության քաղաքականությունը՝ փոխադարձ համաձայնությամբ աշխատակցուհու հետ հարաբերություններ ունենալով»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Նախկին տնօրենի փաստաբանը հայտնել է, որ Իսթերբրուքը «խորապես երախտապարտ է McDonald’s-ում անցկացրած իր ժամանակի համար և շարունակում է հավատալ ընկերության ապագային»:
Նա նաև հայտնել է, որ Իսթերբրուքն ընդունում է իր սխալը և լիովին համաձայն է ընկերության որոշման հետ:
«Նա ավելի ուշ հանդես կգա մեկնաբանությամբ»,- հայտնել է փաստաբանը:
Սթիվ Իսթերբրուքը McDonald’s-ին միացել է 1993 թվականին: 2011 թվականին նա հեռացել է ընկերությունից, գլխավորել Pizza Express ընկերությունը, իսկ հետո զբաղեցրել Wagamama ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:
Երկու տարի անց Իսթերբրուքը McDonald’s է վերադարձել՝ զբաղեցնելով ընկերության գլխավոր բրենդ-տնօրենի և նրա փոխնախագահի պաշտոնը։ 2015 թվականի գարնանը նշանակվել է ընկերության նախագահ՝ Դոն Թոմփսոնի փոխարեն։
