Ինչ է իրենից ներկայացնում մշակութային հեղափոխությունը․ գլոբալիզացիայի համահարթեցում, թե նոր գաղափարախոսություն

Անցնող շաբաթվա վերջը Հայաստանում նշանավորվեց մի երեւույթի մեկնարկով, որը կարելի է անվանել մշակութային հեղափոխություն։ Արձանագրենք, որ հեղափոխությունների պատմության մեջ մշակութային հեղափոխություններ նույնպես լինում են։ Հիշենք, որ ռուսական բոլշեւիկյան հեղափոխության ժամանակ քաղաքական արմատական փոփոխությունը բերեց հասարակարգային, տնտեսական ու նաեւ՝ մշակութային փոփոխության, կամ հեղափոխության։ Նույնիսկ կար նպատակ էթնիկ-մարդաբանական հեղափոխություն իրականացնելու այսպես ասած «սովետիկուսներ» ստեղծելու, սակայն հետո հասկացան որ դա անիմաստ բան է ու թողեցին, թեեւ սովետական մարդու կերպար ստեղծելու պրոցեսը յոթ տասնամյակ շարունակ իրականացվեց, թե որքանով հաջողված՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում այսօրվա շատ նեգատիվ երեւույթների հիմքերը սովետական ժամանակներում պետք է փնտրել, ինչպիսին ԽԾԲ-ն, կաշառք տալն ու առնելը, պետությունից գողանալը եւ այլն։ Սակայն այս ամենով հանդերձ, պետք է հասկանանք, որ բոլշեւիկյան հեղափոխությունից հետո մշակութային հեղափոխություն հնարավոր եղավ իրականացնել ԽՍՀՄ-ում, որովհետեւ՝ նախ ժամանակներն էին այլ, հաղորդակցության միջոցներն ու հնարավորություններն էին այլ ու հնարավոր էր այսպես ասած ինֆորմացիոն-կոմունիկատիվ մեկուսացում ապահովել ու առաջացած վակուումը լցնել սովետական մշակույթով օրինակ, երկրորդ բոլշեւիկյան կուսակցությունն ուներ իր հստակ գաղափարախոսությունը, որի վրա հիմնվում էր բոլշեւիկյան մշակութային հեղափոխությունը։ Անհասկանալի է, թե ինչ գաղափարախոսության են հետեւում «ՔՊ»-ն ու իր ծնունդ տված «Իմ քայլը», քանի որ այնտեղ սկսած ազգային ավանդականության կողմնակիցներից մինչեւ լիբերալ-դեմոկրատական ու ծայրահեղ նեոլիբերալիստական գաղափարական ազդեցությունների հետեւորդներ կան։ Եվ երրորդ կար առաջարկ, որը իրացվում էր արդեն նշված մեկուսացվածության պայմաններում եւ այլախոհության դեմ անողոք պայքարի գնով, իսկ այստեղ ինչ կա։ Այլախոհության դեմ պայքարը ֆեյսբուքա-ֆեյքային պատերազմների միջոցով, ինչ խոսք գնում է, սակայն առաջարկվող բան չկա։ Հատկապես եթե հաշվի ենք առնում հայկական էթնո-մշակութային սպեցիֆիկան։ Այլ է հարցը, որ մշակութային հեղափոխության անվան տակ իրականացվելու է գլոբալիզացիային հատուկ համահարթեցում՝ սպառողական հասարակություններին բնորոշ քաղաքացու կերպարի կերտմամբ, կամ էլ «ՔՊ»-ն նստելու ու լուրջ իդեոլոգիա է մշակելու, որպեսզի ինչ որ արդյունքի հասնի։ Սակայն այստեղ էլ պետք է զգույշ լինել մեկ այլ ծայրահեղության՝ «Չուչխեի» ուսմունքի չհասնելու համար, իր բոլոր հետեւանքներով, ինչպես օրինակ Հյուսիսային Կորեայում է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )