Այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ է պարունակում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների և շահարկումների մասին, որոնք տեղի են ունենում վերջին 1,5 տարվա ընթացքում: Նա ներկայացրեց մի քանի դիտարկումներ:
«Առաջին դիտարկումն այն է, որ լուրեր են շրջանառվում, թե ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մտադիր են Ղարաբաղը հանձնել: Հետո շրջանառվության դրվեց այն թեզը, թե ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ և, ըստ ամենայնի, պայմանավորված պատերզամով Ղարաբաղը հանձնվելու է:
Դա տեղի ունեցավ 2018 թվականին` խորհրդարանական ընտրությունների համատեքստում և ես այդ ժամանակ Սյունիքի մարզում էի, մի քանի սուր ելույթներ ունեցա, ապա ԱԱԾ-ին հանձնարարեցի, որ հրավիրի և հարցաքննի մարդկանց, թե ի՞նչ տեղեկությունների հիման վրա են նման լուրեր հաղորդում:
Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը: Ասում են, թե կառավարությունը կամ վարչապետը չի համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի և սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով: Բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում այս թեմայով և այլն:
Այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ է պարունակում, սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Եթե մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում, լարվածության կտրուկ և էական անկում ունենք և դա տեղի է ունցել Դուշամբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, թե լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, սակայն, բանակցային գործընթացում կա դրական դինամիկա և նա հույս հայտնեց, որ այն կզարգանա:
