Գիտնականներն ասիմպտոմ մալարիան հայտնաբերելու մեթոդ են մշակել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները նոր գործիքներ են մշակել, որոնք կարող են հայտնաբերել մալարիայի անգամ չնչին հետքերն այն մարդկանց մոտ, ովքեր վարակված են, բայց չունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ: Գիտական աշխատանքի արդյունքները ներկայացված են The Lancet Microbe ամսագրում։
Մալարիայի հայտնաբերումն ասիմպտոմ հիվանդների մոտ շատ կարևոր է էնդեմիկ շրջաններում արևադարձային այս հիվանդության տարծումը վերահսկելու համար։ Դրա համար գիտնականներն օգտագործել են մոլեկուլային ախտորոշման գերզգայուն գործիքներ 18-59 տարեկան մեծահասակների ու 8-17 տարեկան երեխաների թեստավորման համար։
Հետազոտողներն ուսումնասիրել են արյան չորացած կաթիլները պլազմոդիումների ռիբոսոմային ՌՆԹ-ի առկայության հայտնաբերման համար, ինչն օգնում է պարզել մակաբույծի տեսակն ու օրգանիզմում դրա խտությունը մեկ ամսվա ընթացքում։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցների 60 տոկոսը վարակված է։ Առաջիկայում գիտնականները մտադիր են բարելավել հիվանդությունը կրողների որոնման մեթոդը։
