<<Մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ>>. Ասադը հայտարարել է, որ չի հավատում ԻՊ առաջնորդի սպանությանը
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը սիրիական պետական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դամասկոսը չի հավատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության լուրին և ապացույցներ է պահանջում, հաղորդում է ria.ru-ն:
Նա հայտարարել է, որ այդ հարցով ամերիկյան կողմի հետ ոչ մի շփում չի եղել:
«Ինչն է կարևոր, որ մենք չգիտենք՝ իրականում տեղի է ունեցել այդ գործողությունը, թե ոչ»,- հայտարարել է Ասադը:
Ի դեպ, նախօրեին Պենտագոնը հրապարակել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու առաջին տեսանյութն ու լուսանկարը:
Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սիրիական Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողության արդյունքում Ալ Բաղդադիի ոչնչացման մասին: Թրամփը հատուկ գործողությանն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային և Թուրքիային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հավաստի տեղեկատվություն չունեն Բաղդադիի ոչնչացման մասին:
Միջազգային հանրությունն Ալ Բաղդադիի ոչնչացումը կարևոր, սակայն դեռևս ոչ որոշիչ քայլ է անվանել՝ կոչ անելով պայքարել ահաբեկչության դեմ:
