Շիրակի մարզում հայտնաբերվել են բրուցելյոզով հիվանդ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ

Շիրակի մարզում կենդանիների մոտ բրուցելյոզ հիվանդության տարածման վտանգ կա: Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Շիրակի մարզի գյուղերում հայտնաբերվել է 171 գլուխ բրուցելյոզով հիվանդ կենդանի: Սա մոտ մեկ ամսվա ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունք է:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի աշխատակիցները, մարզի անասնաբույժների հետ համատեղ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների արյան նմուշառում ու շիճուկաբանական հետազոտություն են կատարում:
Բրուցելյոզի դեմ տարեկան 2 անգամ նախատեսված է պատվաստում, ինչը, ըստ անասնաբույժների, բավարար չէ հիվանդությունը կանխարգելելու համար: Եվ հիմա լրացուցիչ հետազոտությունները հիվանդ կենդանիներին հայտնաբերելու, ոչնչացնելու և հիվանդության տարածումը կանխելու համար են:
Անիկ Սարգսյանը Այգաբաց, Երազգավորս, Գետք համայնքների անասնաբույժն է: Իր սպասարկման տարածքում հաշվառված է մոտ 2700 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդեն մի քանի օր է՝ շրջում է համայնքներով ու անասուններից բրուցելյոզ հիվանդության հետազոտության համար արյան նմուշառում կատարում:
Ասում է՝ աշնանը նման պրոֆիլակտիկ աշխատանք կատարելը դժվար է, նախիրը դեռ արոտի է գնում: Ստիպված գյուղացիներից մի քանիսին խնդրում է կենդանիներին անասնագոմում պահել, կամ էլ արյունառության աշխատանքները կատարում է երեկոյան ժամերին:
«1200 հատ Այգաբացում է, 800՝ Երազգավորսում, 640 գլուխ էլ Գետքում։ Երևի մնացել է մոտ 30 տոկոսը, որ աշխատանքը վերջացնեմ։ Սա կարևոր գործ է ու բոլորն էլ ուզում են իրենց կենդանիներից արյուն վերցնեմ, հատկապես փոքր երեխա ունեցողները, որոնք սնվում են կովի կաթով»,- ասում է Անիկ Սարգսյանը:
3 գյուղերում ստուգումների արդյունքում հիվանդ կենդանիներ հայտնաբերել են: Բայց ախտորոշումը, ըստ անասնաբույժի, դեռ նախնական է: Վերջնական պատասխանը միայն լաբորատոր հետազոտությունն է տալու:
«Կան, անուններ չեմ ասի, քանի դեռ Երևանից պատասխանը չեմ ստացել, տեսուչը ինձ կհայտնի, ես էլ անասունների տերերին։ Չնչին թվեր են, բայց հայտնաբերվել են»,- արյան հետազոտության արդյունքներն է ներկայացնում անասնաբույժը։
Շիրակի մարզում հետազոտության է ենթարկվել մոտ 16 հազար խոշոր և մանր եղջերավոր կենդանի: Առաջին 8000-ի հետազոտության արդյունքներով բրուցելյոզով հիվանդ կենդանիների թիվը կազմում է 171: Հաջորդ 8000 գլխաքանակի մեջ նույնպես հիվանդությունը հայտնաբերվել է: Այստեղ արդեն պատասխանատուները թվերը ներկայացնում են ոչ թե գլխաքանակով, այլ տոկոսային հարաբերությամբ:
«Մանր եղջերավորների մոտ վարակվածության աստիճանը 0․9 տոկոս է, խոշորների մոտ՝ 0․4 տոկոս»,- մարզի տվյալներն է ներկայացնում ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը։
Վարակված կենդանիներին սանիտարական մորթի են ենթարկել: Ըստ մասնագետի՝ բրուցելյոզով հիվանդ կենդանու միսն օգտագործման ենթակա է միայն համապատասխան ջերմային մշակման ենթարկելուց հետո:
Ըստ գլխավոր մասնագետի՝ հայտնաբերված բրուցելյոզով հիվանդ կենդանիների մեծ մասը եղել են մանր եղջերավորներ, ու հիմնականում՝ Անիի տարածաշրջանում: Ոչխարների մոտ առկա բրուցելյոզը համարվում է ամենավտանգավորը մարդկանց համար, իսկ հիվանդության տարածման հիմնական պատճառներից մեկն էլ Գագիկ Սարգսյանը համարում է կենդանիների անվերահսկելի տեղաշարժը:
«Վերահսկելի պիտի դարձվի էդ շարժը, քանի որ մանր եղջերավոր կենդանիները համարակալված չեն, համայնք են մտնում առանց համապատասխան անասնաբուժասանիտարական փաստաթղթի, երբեմն առևտուր են կազմակերպում հենց համայնքների ներսում՝ առանց համայնքի ղեկավարին ու անասնաբույժին տեղյակ պահելու, և միայն հետո ստուգման արդյունքում պարզվում է, որ բրուցելյոզով հիվանդությունները շատացել են»,- ասում է ՍԱՏՄ մարզային կենտրոնի գլխավոր մասնագետը։
Կենդանիների համայնքից-համայնք ու մարզից-մարզ տեղաշարժը վերահսկելու և հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար հաջորդ տարվանից նախատեսվում է մարզերի մուտքի և ելքի սահմանների մոտ բացել հսկիչ անցագրային կետեր: Շիրակի մարզը կունենա երկու անասնաբուժասանիտարական հսկիչ կետ:
Կենդանիների հետազոտություններով է պայմանավորված նաև անասնաբույժների վարձատրման համակարգը: Աշխատավարձ ստանում են տարին 4-5 անգամ, երբ ավարտում են ստուգումները: Անասնաբույժների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար նախատեսվում է հաջորդ տարվանից բարձրացնել աշխատավարձի չափն ու ներդնել գլխաքանակի հաշվարկի նոր բանաձև:
Անասնաբույժները բրուցելյոզի հետազոտության համար արյան նմուշառումները կկատարեն գործող վճարման կարգով մինչև տարեվերջ: Հիվանդության վաղաժամ հայտնաբերման համար նախատեսվում է մանր եղջերավորների պրոֆիլակտիկ ստուգումներն ու արյան նմուշառումները սկսել հունվարից, որը համարվում է բրուցելյոզի տարածման ամենավտանգավոր շրջանը:

