Ուկրաինան հայտնել է ռուսաստանյան զորքերի կողմից Զապորոժիեի շրջանի գնդակոծման մասին. կան զոհեր
Ռուսաստանյան զորքերը գնդակոծել են Զապորոժիեի շրջանի Գուլյայպոլե քաղաքը, հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովի հայտարարությունը։
Նշվում է, որ քաղաքին հարվածել են «Գրադ»-ով, երեք մարդ զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։
Ըստ Ֆյոդորովի, երկու տղամարդ ու մեկ կին զոհվել են սեփական տան փլատակների տակ, որը խոցվել է արկից։
«Եվս մեկ տղամարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց»,- հավելել է նա։
Ուկրաինական լրատվամիջոցի փոխանցմամբ, ապրիլի լույս 7-ի գիշերը ռուսաստանյան զորքերը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Ուկրաինայի տարածքի վրա։ Մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։
Կամիկաձե անօդաչուների շարժումը գրանցվել է, մասնավորապես, Զապորոժիեի շրջանի ուղղությամբ։
Ավելի ուշ Զապորոժիեի շրջանի ղեկավարը հայտնել է, որ ռուսաստանցիները անօդաչու թռչող սարքով գրոհել են Զապորոժիեի վրա, 54-ամյա տղամարդ է վիրավորվել։
