Չիլիում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել. Սանտյագոյի կենտրոնում մի քանի շենքեր են այրվել
Հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել Սանտյագոյի փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելով իշխանությունների վարած քաղաքականության դեմ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Horas հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սկզբում ցույցը խաղաղ է եղել, իսկ ավելի ուշ Չիլիի մայրաքաղաքի կենտրոնում անկարգություններ են սկսվել: Ցուցարարները մի քանի շենք են այրել, հյուրանոցներից մեկը տարհանվել են ծխի պատճառով:
Հրդեհը գրանցվել է երեկոյան ժամը 17.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 00.00-ին), այն տարածվել է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի մի քանի շենքերի վրա:
Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատներ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Երկուշաբթի Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան, երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, փոխել է մի քանի առանցքային նախարարների, ներառյալ՝ Ներքին գործերի նախարարին:
Կիրակի Չիլիի իշխանությունները վերացրել էին արտակարգ դրությունը, որը երկրում մտցվել էր բողոքի զանգվածային ցույցերի պատճառով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Չիլիի իշխանությունները մետրոյի տոմսի արժեքը 30 չիլիական պեսոյով (0,042 դոլար) բարձրացնելու որոշում էին կայացրել, ինչը բողոքի գործողությունների պատճառ էր դարձել: Սկզբում խաղաղ ակցիաներն այնուհետև վերաճել էին իրավապահների հետ բախումների: Ցուցարարները բարիկադներ էին կառուցել մետրոյի կայարանների մոտ՝ զգալի վնաս հասցնելով մետրոպոլիտենին: Նրանք նաև խանութներ և ավտոբուսներ էին այրել, երկրի մեծ քաղաքներում փողոց էր դուրս բերվել զրահատեխնիկա:
