Ժամանակն է, որ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, նա է այդ ժամանակ Նաիրի Հունանյանի գործը քննել. Սասուն Միքայելյան
Ժամանակն է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, քանի որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նա է Նաիրի Հունանյանի գործը քննել և ավելի շատ բան պետք է իմանա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, ով «Հոկտեմբերի 27»-ի 20-րդ տարելիցի կապակցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին։
«Գումարած դրան Ջհանգիրյանը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը: Այդ ոճրագործությունը, եթե չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի»,-ասաց նա:
«Ժամանակն է, որ ամեն մեկը ի բաժին մեղքը վերցնի, արտահայտվի»,- ավելացրեց նա, ապա անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատման դիմումին, հարցադրում արեց, թե «Նաիրի Հունանյանը դուրս գա ի՞նչ անի»:
«Քանի դեռ Հանրապետության երեք նախագահները այս կամ այն կերպ քաղաքական դաշտում դերակատարություն ունեն, լավ բան չսպասենք մեր երկրում»,- ասաց նա։
Անդրադառնալով երկրապահների ԵԿՄ-ից դուրս գալու լուրերին՝ ԵԿՄ նախագահը նշեց, որ նման բան չկա: «Այսպես ձևավորված երկրապահում շատ մարդիկ պետք է դուրս գան, ոչ թե դուրս են եկել, այլ պետք է դուրս գան, քանի որ երկրապահը պետք է մաքրվի: Թե՛ ՀՀՇ-ի օրոք, թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, երկրապահի նկատմամբ միշտ ճնշումներ են եղել, ուզեցել են ձերբազատվել, բայց հնարավոր չէ, հիմա հարաբերական անդորր է»:
Հարցին, թե ինչպես են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հարաբերությունները, նա պատասխանեց, որ շատ լավ են.«Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ կկտրվեմ, կան տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են»:
Սասուն Միքայելյանը վերահաստատեց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն իր ընկերն է: «Ասել եմ, որ Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նորից եմ ասում, որովհետև ես գայլային օրենքներով չեմ շարժվում, գայլերի մեջ, եթե մեկից արյուն է դուրս գալիս, բոլորը խեղդում են նրան: Ես նույնը ասել եմ Դավիթ Սանասարյանի հետ կապված, որ նա իմ ընկերն է»,- ասաց նա:
