Բողոքի ցույցերի ֆոնին Չիլիիի նախագահը հայտարարել է, որ փոխում է կառավարության կազմը
Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական տալ՝ երկրում սոցիալական բողոքի ցույցերի ֆոնին կառավարությունում փոփոխություններ իրականացնելու համար: Այս մասին ասված է Չիլիի առաջնորդի ուղերձում, որը հրապարակել է Twitter-ում։
«Ես խնդրել եմ բոլոր նախարարներին հրաժարական տալ, որպեսզի նոր կառավարություն ձևավորվի»,- գրել է Պինյերան։
Նախագահը նաև հավելել է, որ «եթե հանգամանքները թույլ տան, նա մտադիր է կիրակի չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը բոլոր շրջաններում»։
Հիշեցնենք, որ Չիլիում մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք պայմանավորված են մայրաքաղաք Սանտյագոյում մետրոյի ուղեվարձի թանկացմամբ: Այդ պատճառով քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ավելի վաղ Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան հայտարարել էր, որ մետրոյի ուղեվարձը բարձրացնելու որոշումը չեղյալ է հայտարարվել, սակայն ցուցարարներն այդքանով չէին բավարարվել. անկարգություններ էին սկսվել նաև երկրի այլ շրջաններում։
Վերջին օրերին ցուցարարներն այրել են մետրոյի մի քանի կայարան և գրասենյակային շենքեր: Անկարգությունների ընթացքում մետրոյի սակագների թանկացումից դժգոհ քաղաքացիները նաև այրել են ավտոբուսներ ու բարիկադներ, հարձակումներ են իրականացրել իրավապահ մարմինների վրա:
Վերջին օրերին Չիլիում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, ձերբակալվել է ավելի քան 1500 ցուցարար։
