Եկեղեցին հոկտեմբերի 27-ին կնշի Գյուտ Խաչի տոնը
Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Խաչի գյուտը կտոնի հոկտեմբերի 27-ին։
Խաչի Գյուտը Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327 թվականին բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը` Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա օգնում է կայսրուհուն գտնել Քրիստոսի խաչվելու վայրը` Գողգոթան, որտեղ որոնումների արդյունքում հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը: Տիրոջ խաչը ճանաչելու համար մի պատանու դիակ հերթով դնում են դրանց վրա, որոնցից մեկի վրա պատանին հարություն է առնում, և այդպես ճանաչվում է տերունական խաչը:
Այդ հրաշքից հրեա Հուդան քրիստոնեություն է ընդունում և հետո դառնում է Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը: Տոմի մասին մանրամասն Խաչվերացի յոթերորդ կիրակին Գյուտ խաչի տոնն է: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան և ասում «Հրաշակերտ և զօրեղ» օրհնությունը: Օրվա երեքսրբյանն է. «Սուրբ Աստուած, սուրբ և հզօր, սուրբ և անմահ, որ խաչեցար վասն մեր, ողորմեա՛ մեզ»:
Երբ մեր Տերն ամբողջացրեց Իր փրկական տնօրինությունները և համբարձվեց երկինք, փրկական Խաչն անխնամ մնաց Գողղոթայում՝ իբրև դատապարտության և մահվան գործիք: Եվ գարնանը, երբ բույսերը ծաղկում են, ու մանուկներն իրենց սովորության համաձայն խաղում դալար խոտի վրա, մի կաղ մանուկ, իր ընկերների հետ խաղալիս, հանկարծ դիպչում է կենարար Խաչափայտին, ինչից ամրանում են նրա ոտքերը, և նա անմիջապես սկսում է վազել և օրհնել Աստծուն ու գոհանալ կենսակիր նշանից: Այդ դեպքն առիթ հանդիսացավ, որպեսզի Խաչի համբավը տարածվի, և կաղերը, կույրերը, բորոտներն ու առհասարակ բոլոր հիվանդները բժշկվեն Խաչափայտի միջոցով: Դրանից հետո Հակոբոս Տյառնեղբայրը Խաչափայտը վերցրեց իր մոտ:
Սուրբ Խաչի գյուտով հավատացյալները ուրախացան, իսկ անհավատները հույժ տրտմեցին: Իսկ հրեաները, ովքեր կամովին իրենց հեռացրին ճշմարիտ Լույսից, գլխահակ դարձան, որոնց մասին Եսային ասում է. «Ո՞վ է կույրը, եթե ոչ Իմ ծառաները, ովքե՞ր են խուլերը, եթե ոչ այն մարդիկ, որ տիրում են նրանց» (Եսայի Բ 19): Հրեաները, տեսնելով Խաչի սքանչելագործությունները, նախանձից այրվելով Հակոբոսից հափշտակեցին Խաչափայտը և դրեցին Երուսաղեմի տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որտեղ մի անդամալույծ էր մշտապես նստում՝ ողորմություն խնդրելու համար:
Մի օր, երբ անդամալույծը երկար նստելուց նիրհում էր, Խաչի զորությունից հանկարծակի արթնանում է և ամբողջովին բժշկված՝ տեղից վեր թռնում՝ փառաբանելով Քրիստոսին: Ապա մի բորոտ է բժշկվում, ամբողջովին իր վրայից թափելով ապականված մորթը և գոհություն հայտնում աստվածընկալ Խաչին: Այդ տեսնելով՝ հրեաները Խաչը տանում են ու դնում Տիրոջ գերեզմանի մեջ և մի վեմով փակում: Սակայն վեմի ճեղքերից հրաշալի լույս է ելնում ու բժշկում այն նեղյալներին, ովքեր այցելում էին Տիրոջ գերեզմանին: Այս անգամ հրեաները Աֆրոդիտեի պատկերն են կանգնեցնում վեմի վրա, որպեսզի ժողովուրդը կարծի, թե Աֆրոդիտեն է նրանց բժշկում:

