Մերկապար բեմում. <<Գանգսթեր Մաք>> ներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը
Մերկապար Դրամատիկական թատրոնի բեմում, հումորով համեմված պատմություն մերկապարուհիների ու նրանց դաժան «բոսի»՝ «Գանգսթեր Մաք»-ի մասին. երեկ կայացավ Էմմա Մանուկյանի, Էմմա Մկրտչյանի, Դիանա Մալենկոյի, Լիդիա Լևոնյանի, Գագիկ Մկրտչյանի, Լևոն Հախվերդյանի, Նիկոլայ Ավետիսյանի, Նարեկ Մարտիրոսյանի և Նարեկ Քթոյանի մասնակցությամբ ներկայացման պրեմիերան։
Tert.am Life-ը ներկայացնում է պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին։
Բեմադրության հեղինակը Գրիգոր Խաչատրյանն է։ Վերջինս այս բեմադրությունը բնորոշում է որպես էսթետիկ զվարճանք պարգևող աշխատանք։

Բեմադրությունը մեկնարկում է մերկապարով, որը ներկայացված է ճաշակով, դերասանուհիների ճկունությունն էլ տպավորիչ է։ Սա փաստում է հանդիսատեսի արձագանքը։
Մերկապարուհիների դերում Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Դիանա Մալենկոն և Լիդիա Լևոնյանն են։ Մի ներկայացմանը խաղում են Էմմա Մանուկյան-Լիդիա Լևոնյան, մյուսին՝ Էմմա Մկրտչյան-Դիանա Մալենկո զույգը, սակայն բոլոր ներկայացումներին էլ 4 դերասանուհին բեմում են՝ մի անգամ որպես գլխավոր դերակատարներ, մյուս դեպքում՝ միայն որպես պարուհիներ։
«Աշխատում եմ այն դերասանների հետ, որոնք հասկանում են իմ լեզուն, ես էլ՝ իրենց։ Ճկուն, մտքով ազատ, էքսպերիմենտներից չվախեցող դերասանների հետ եմ հաճույքով աշխատում»,- ասաց Գրիգոր Խաչատրյանն ու հավելեց, որ էսթետիկ հաճույք պարգևելուց զատ, փորձել է նաև կարծրատիպեր կոտրել։

«Պիեսը պարգևում է էսթետիկ զվարճանք։ Իհարկե, դա չի նշանակում, որ գործը պետք է էժանագին լինի։ Պիեսում ներկայացված են հետաքրքիր հարաբերություններ։ Կան կերպարներ, որոնք մեզ մոտ կարծրատիպեր են առաջացնում, օրինակ, մերկապարուհիները։ Ես որոշեցի էսթետիկ զվարճանք պարգևելուց բացի քանդել ստերիոտիպը նման կերպարների հանդեպ։ Ներկայացման գաղափարը սերն է, որը միշտ հաղթում է։ Կոմեդիայում սերը պիտի հաղթի»,- ասաց ռեժիսորը։
Պատմությունն ընտրելիս Գրիգորը հաշվի է առել թե՛ հանդիսատեսի հետաքրքրությունը, թե՛ աշխատանքի որակը։ «Ամսվա ընթացքում 30-40 պիես եմ կարդում։ Բավականին բարդ է բավարարել այսօրվա հանդիսատեսի պահանջները և լինել ճաշակով։ Չպետք է ասել՝ ժողովուրդը դա է սիրում, դա ենք անում։ Թատրոնը պետք է մնա իր բարձրության վրա»,- ընդգծեց նա։

Ներկայացման պրեմիերան մի անգամ հետաձգվեց, ռեժիսորը խոստովանեց, որ փորձերի պակասի խնդիր էլ կար, սակայն միայն դրա համար այսքան չէին հետաձգի առաջնախաղը։ Մեծ խնդիրը տեխնիկական էր՝ կապված կապված լուսային ու ձայնային ձևավորման հետ։ Նա շեշտեց, որ Դրամատիկական թատրոնը վերազինման կարիք ունի։
Գանգսթեր Մաքին մարմնավորում է Գագիկ Մկրտչյանը։ Վերջինս նշեց, որ այս կերպարն իրեն թույլ կտա ամեն ներկայացման ժամանակ ինչ-որ նոր գիծ ավելացնել կերպարի մեջ, կարող է տարբեր խոսել, շարժուձևը փոխել և զարգացնել այն։
«Ներկայացումը շատ խորիմաստ չէ, բայց հետաքրքիր է։ Փորձերի ընթացքում չէինք պատկերացնում, որ այն ունի կոնկրետ ժանր, սակայն հանդիսատեսի արձագանքից հասկացանք, որ այն ավելի մոտ է կոմեդիային»,- ասաց նա։































































Լուսանկարները՝ Գրգոր Հովսեփյանի
