Մասնագետը ներկայացրել է գերճնշումային կրիզի հիմնական ախտանշանները
Գերճնշումային կրիզը զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումն է, որը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել, սակայն ռուս մասնագետ Սերգեյ Ստեբլեցովը «Вечерняя Москва»-ի հետ զրույցում նշել է այն ախտանշանները, որոնց օգնությամբ կարելի է ինքնուրույն հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել:
Մասնագետի խոսքով՝ զարկերակային կրիզի մասին հուշող ախտանշանները յոթն են: Դրանք են դեմքի հատվածում այրոցի զգացողությունը, ծոծրակի հատվածում ծանրության զգացողությունը, գլխապտույտը, թույլ սրտխառնոցը,ականջներում այտուցվածության զգացողցությունը, խլացումն ու ձայնային ընկալման խանգարումները:
Ստեբլեցովն ընդգծում է, որ նշված ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին, սակայն միևնույն ժամանակ բժիշկը նշում է, որ որոշ դեպքերում զարկերակային բարձր ճնշումը նորմալ է համարվում, քանի որ այն կախված է ծանրաբեռնվածության տարբեր տեսակներից:
«Եթե այն չի կարգավորվում 20-30 րոպեի ընթացքում, ապա խնդիրը պայմանավորված է վերականգնման մեխանիզմների խանգարմամբ», – հավելում է մասնագետը՝ ընդգծելով, որ եթե զարկերակային բարձր ճնշումը չի կարգավորվում անգամ դեղամիջոցի ընդունումից հետո, ապա օրգանիզմում կարող են լուրջ ախտահարումներ սկսվել:
